13 ապրիլի 2013 - 13:08 AMT
Ա. Գևորգյանը ծանոթացել է Վեդիի ապագա ջրամբարի տեղանքին

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Վեդիի ապագա ջրամբարի կառուցման վայր` Արարատի մարզի Գոռավան համայնքի տարածքում:

Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ Ա. Գևորգյանը ծանոթացավ ապագա ջրամբարի տեղանքին, քննարկվեցին ջրածածկ տարածքի, ջրամբարի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:

Ջրամբարի կառուցման ծրագրի իրականացման համար հայկական կողմը ներկայումս բանակցություններ է վարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:

Նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա շուրջ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաև համակարգի առավել արդյունավետ գործունեությանը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: