13 ապրիլի 2013 - 13:21 AMT
«Վերածնունդ» փառատոն.Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա կամերային երաժշտության տանը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ապրիլի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում։ Որպես մենակատար համերգի ընթացքում հանդես կգա կլարնետահար Իգոր Ֆյոդորովը` Ռուսաստանից: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը մեկնարկել է ապրիլի 10-ին Գյումրիում։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը։ Մրցույթ-փառատոնի նպատակը դասական արվեստի հանրահռչակումն է, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների համար շփման հարթակի ձևավորումը եւ փորձի փոխանակման հնարավորությունը: Փառատոնի շրջանակում Երևանում նախատեսված է դասական 5 համերգ: