13 ապրիլի 2013 - 13:53 AMT
«Մալխաս» ջազ խումբը հանդես է եկել Կրեմլի համագումարների պալատում

Լևոն Մալխասյանը և իր խումբը հանդես են եկել մոսկովյան Կրեմլում կայացած համերգին` նվիրված էր «Գազպրոմի» 20-ամյակին: Հանդիսատեսի շարքերում ներկա էին բազմաթիվ պատվավոր և բարձրաստիճան հյուրեր: Համերգը վարում էին Ալեքսանդր Մարշալը և Իլոնա Բրոնևիցկայան: Համերգի առաջին մասում ելույթ ունեցան ռուս էստրադային երգիչներ, «Բոլշոյ տեատր»-ի բալետի մենակատարներ, նաև արտիստներ Բելառուսից, Ղազախստանից և Ուկրաինայից:

Հայ ջազմենները ամփոփեցին համերգի առաջին մասը: Լևոն Մալխասյանը, Նիկողայոս Վարդանյանը, Վահագն Հայրապետյանը, Արման Ջալալյանը և Արամոն ներկայացրեցին 8 րոպե տևողությամբ ինքնատիպ մի սուիտ, որի ընթացքում հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի, Դյուկ Էլլինգտոնի ստեղծագործություններից և հայկական ժողովրդական մեղեդիներից:

Համերգի երկրորդ մասում հանդիսատեսն ունկնդրեց իտալացի տենոր Անդրեա Բոչելիին և համաշխարհային ռոք աստղ Սթինգին, հայտնում է armenianjazz.am-ը: