13 ապրիլի 2013 - 14:56 AMT
ՀՀ ոստիկանությունը 95 տարեկան է

ՀՀ ոստիկանությունն այսօր նշում է ստեղծման 95-ամյակը: Այն գործունեությունը սկել է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումից, անցել խորհրդային տարիներով և հասել մինչև մեր օրեր:Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակաշրջանում (1918-1920) ՆԳ նախարարությունը ստորաբաժանված էր նահանգային, գավառական կոմիսարիատների, Երևանում ստեղծվում է քաղաքային միլիցիայի վարչությունը, կազմավորվում է գյուղական համայնքային կոմիսարների ինստիտուտը: Պատմության այս շրջանում ՆԳ նախարարության լիազորությունները աննախադեպ էին. իր հիմնական գործառույթն իրականացնելուց զատ, նախարարությանն էին ենթարկվում հանրապետության կապի և հեռահաղորդակցության ոլորտը, երկաթուղին, դպրոցական համակարգը, որոնք միայն հետագայում տարանջատվեցին ՆԳ մարմիններից: Ընդունվում է Միլիցիայի ժամանակավոր օրենքը` (1920 թ. ապրիլի 21-ին), որով հստակ սահմանվում էին այս կառույցի խնդիրները, իրավունքներն ու պարտականությունները, օրենքով ամրագրվում են միլիցիայի կազմը, պաշտոնի ընդունման եւ արձակման կարգը, ստիճանավորների փոխհարաբերությունը, պատասխանատվությունը:

Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը (1920 թ.-1991 թ.) բաժանվում է 3 փուլերի: Հայաստանի խորհրդայնացումից հետո սկսվեց 1-ին փուլը(1920 թ.-1940 թ.) և ՆԳ նախարարությունը վերանվանվեց Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատ, որի ամենակարևոր և զորավոր ստորաբաժանումն էր արտակարգ հանձնաժողովը, որը դասակարգային անհաշտ պայքար հայտարարեց Հայաստանում պրոլետարիատի և հեղափոխության «թշնամիների» դեմ:1929 թ. ՆԳ ժողկոմատը լուծարվում է` վերակազմավորվելով որպես պետքաղվարչություն, որի գործունեության մեխը կուլակությունը որպես դասակարգ վերացնելու քաղաքականությունն էր: ՆԳ ժողկոմատը վերականգնվում է 1934 թ. հուլիսին: Այս փուլաշրջանն էլ աննախադեպ էր` բռնություններով, հաշվեհարդարներով, բազում մահապատիժներով և աքսորով: Միայն այն փաստը, որ պաշտոնավարած 13 ժողկոմներից 10-ը զոհ գնացին բռնության այդ նույն մեքենային, որին ծառայել են, չափազանց խոսուն է:

2-րդ փուլը (1940-1960) համընկավ Մեծ Հայրենականի սկսելու հետ: ՆԳ ժողկոմատի անմիջական ղեկավարությամբ կազմավորվում են գումարտակներ, ստեղծվում են միլիցիայի հատուկ ջոկատներ, ընդ որում` 1941 թ. մարտից ՆԳ և պետանվտանգության ժողկոմատներն առանձին գերատեսչություններ էին, որոնք կրկին վերամիավորվում են 40-ականների վերջին: 50-ականների սկզբին ՆԳ համակարգը վերստին առանձնացվում է պետանվտանգությունից` արդեն որպես նախարարություն, որի որոշ օղակները հենց այս փուլում են կազմավորվել: Կառուցվում է ոստիկանության ներկայիս շենքը:

3-րդ փուլի ընթացքում ( 1960-1991 ՆԳ մինիստրության (այդպես էր կոչվում նախարարությունը) ստորաբաժանումներից էին միլիցիայի քաղաքային վարչությունը, շրջանային միլիցիայի բաժինները, պետավտոտեսչությունը: 1964 թ. կազմավորվում է ԽՍՀՄ ՆԳ մինիստրության ներքին զորքերի Հայաստանի գունդը, 1965-ին` ՆԳՄ շտաբը: Բարձրանում է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը, մեծ ուշադրություն է դարձվում դրանց նախականխմանը, վերականգնվում է միլիցիայի միջնակարգ դպրոցը, կառուցվում է դպրոցի` ներկայիս ոստիկանության Ակադեմիայի, շենքը: 1984-ին ՆԳՆ միլիցիայի միջնակարգ դպրոցը փոխարինվում է ԲԽՍՍ աշխատողների պատրաստման բարձրագույն դասընթացներով, որի բազայի վրա հետագայում բացվում է բարձրագույն դպրոցը: Համակարգը վերազինվում է տեխնիկապես:Այս փուլում կազմավորվել է նաև տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը:

Անկախ պետության վերահռչակման նախօրեին ՆԳ նախարարությունը ներկայացնում էր ոչ միայն կայացած իրավական կառույց, այլև ազգային կառույց: ՆԳ ստորաբաժանումներն առաջինն ընդունեցին ադրբեջանական ջոկատների և խորհրդային կանոնավոր բանակի դավադիր հարվածները հանրապետության սահմանամերձ տարածքներում: Հայ ոստիկաններից շատերը կամավորական ջոկատներին անդամագրված մասնակցել են մարտական գործողություններին, ՆԳ համակարգի տասնյակ աշխատակիցներ զոհվեցին ռազմադաշտում: Միևնույն ժամանակ նրանց գործընկերները թիկունքում շարունակում էին իրականացնել իրենց գլխավոր խնդիրը` պայքարը հանցավորության դեմ: 1992 թ. հունիսի 21-ին ՀՀ Նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվում է ՆԳՆ Ներքին զորքերը: Վերացվում են ԲԽՍՍ և տեղամասային տեսուչների օղակները (երկրորդը վերջին տարիներին վերականգնվել է): Ստեղծվում է կազմակերպված հանցավորության, թմրամոլության դեմ պայքարի ստորաբաժանումներ: ՆԳՆ բարձրագույն դպրոցը վերակազմավորվում է Ակադեմիայի: 1992 թ. Հայաստանն անդամակցում է Ինտերպոլին, ավելի է սերտանում համագործակցությունը թե ԱՊՀ և թե արտասահմանյան այլ երկրների իրավապահների հետ: 1996 թ. նոյեմբերին ՆԳ և Ազգային անվտանգության նախարարությունները միավորվում են, ապա 1999 թ. տարանջատվում առանձին նախարարությունների:

2001 թ. ապրիլի 16-ին ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը և ապրիլի 16-ը օրացույցի մեջ է մտնում որպես Ոստիկանության օր: 2002 թ. հունիսի 30-ին ընդունվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ՆԳ նախարարությունը 2003 թ. հունվարի 1-ից վերակազմավորվեց ՀՀ ոստիկանության:

Եվրախորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները կատարելով` քրեական պատիժների իրականացման վարչությունը 2001 թ. ոստիկանության ենթակայությունից փոխանցվել է Արդարադատության նախարարությանը` վերակազմավորվելով որպես քրեակատարողական վարչություն:

2002 թ. ոստիկանության համակարգից Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանը հանձնվեց Հրշեջ պահպանության վարչությունը: