13 ապրիլի 2013 - 15:00 AMT
Ղևոնդ Ղալումյանը դատարանում հերքել է իր մասնակցությունը Էդմոնդ Խուդյանի ընկերության գործերին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ընկերությանը պատկանած Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը: Վերջին դատական նիստում դատարանում հարցաքննվել է ընկերության փայատեր, պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը:

Բնակարան ձեռք բերելու համար Գյուլխասյանի վճարած գումարի մի մասը, ընկերության հաշվեհամարին մուտքագրվել էր, որպես Ղալումյանի կողմից ընկերությանը տրված փոխառություն: Ոչ պակաս խորհրդավոր հանգամանքներում էլ Ղալումյանն, առանց 1 լումա ներդրում կատարելու, ընկերության 1մլն դոլար արժեքով բաժնեմասի սեփականատեր է դարձել:

Նախապատմությունը հետևյալն է. շենքի շինարար Վլադիսլավ Մանգասարյանը նախկին գործարքներից մոտ 1մլն դոլար պարտք է մնացել Ղալումյանին և պարտավորվել է Խուդյանի շենքից ակընկալվող իր եկամուտներից այդ գումարը մինչ 2007թ. օգոստոսի վերջ վերադարձնել: Սակայն այն բանից հետո, երբ Խուդյանը 2007թ. ապրիլին Մանգասարյանին հեռացնում է շենքի շինարարությունից, Ղալումյանն իր պարտքը ստանալու նպատակով վճռական քայլերի է դիմում: Նա, Խուդյանի մոտ կարևորելով կիսակառույց շենքի շինարարությունն ավարտին հասցնելու, պետական մարմինների հետ հարկային և այլ խնդիրները լուծելու հարցում իր մասնակցություն անհրաժեշտություն և, ձեռք բերելով Խուդյանի վստահությունը, վերջինիս կողմից որպես փայատեր է ներգրավվում և 1մլն դոլարին համարժեք բաժնեմաս է ստանում Խուդյանից:

Դատական նիստում Ղալումյանը, ինչպես և կարելի էր ենթադրել, լիովին հերքել է ընկերության գործերին իր մասնակից լինելը, այդ թվում` Լուսինե Գյուլխասյանի բնակարանի գործարքի հետ որևէ առնչություն ունենալը: Նա հայտարարել է, որ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի գործարքի մասին ընդհանրապես տեղյակ չի եղել, և այդ մասին իմացել է միայն 2010 թվականի դեկտեմբերի վերջերին` տուժողներից: Սակայն ամբաստանյալ Էդուարդ Եսայանն իր հարցով հիշեցրեց Ղալումյանին, որ ինքը դեռևս 2008 թվականի օգոստոսին, երբ բնակարանի մակերեսի հետ կապված փոփոխությունների հարց է առաջացել, Վլադիսլավ Մանգասարյանի հետ համատեղ, առանց Խուդյանի, մասնակցել է Գյուլխասյանի բնակարանի մասով քննարկմանն ու որոշման կայացմանը:

Ղալումյանը հերքել է նաև այն, որ «Արին կապիտալ» ՍՊԸ-ում անհատույց բաժնեմաս ստանալու դիմաց որևէ պարտավորություն է ունեցել: Մինչդեռ, ըստ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից դեռևս նախաքննության ժամանակ ներկայացված 01.10.2007 թվականի եռակողմ պայմանագրի` Ղևոնդ Ղալումյանն ընկերության 17.6 տոկոս բաժնեմասերն ստանալու դիմաց մի շարք պարտավորություններ է ստանձնել, այդ թվում` պարտավոր էր ապահովել ընկերության բնականոն գործունեությունը: Իսկ այդ պայմանագրին նախորդած բանակցային փաստաթղթերի համաձայն` Ղալումյանը պետք է կազմակերպեր հարկային և պետական այլ մարմինների հանդեպ ընկերության պարտավորությունների պատշաճ կատարումը:

Ղալումյանն իր ցուցմունքում հերքել է գործարքների գները կիսով չափ գրանցելու միջոցով ընկերության հարկերը փոքրացված թվերով ներկայացնելու հարցում իր շահագրգռվածությունն ու մասնակցությունը: Այնինչ եռակողմ պայմանագրով հստակ նշված է, որ ապագա փայատետեր Ղալումյանն ու Մանգասարյանը բնակարանների վաճառքից գոյացած գումարներն կարող էին տնօրինել այն բանից հետո, երբ ամբողջությամբ կատարած կլինեն իրենց պարտավորությունները, այդ թվում` վճարված կլինեն Խուդյանի կողմից կատարված ներդրման դիմաց Խուդյանին վճարվելիք ֆիքսված գումարը, հարկային և այլ պարտավորությունները: Այստեղից ակնհայտ է, որ հենց Ղալումյանն ու Մանգասարյանն են հանդիսանում ընկերության հարկերը փոքրացված թվերով ներկայացնելու հարցում հավելյալ շահույթ հետապնդող անձինք:

Այս դրվագը տվյալ գործով էական է, քանի որ հենց այդ անձնական շահագրգռվածությամբ է բացատրվում, որ Գյուլխասյանը և այլ իրական գնորդները ոչ թե ընկերության հետ են պայմանագրեր կնքել, այլ` ընկերության հետ նախօրոք նախնական պայմանագրեր կնքած կեղծ գնորդների հետ, որոնք միևնույն տարածքի նախնական պայմանագիրը ընկերության հետ կնքում են 1քմ` մոտ 500$-ով, այնուհետև հենց նույն օրը իրական գնորդի հետ իրավունքի վաճառքի պայմանագիր են կնքում արդեն 1քմ` 1.400$ և ավելի: Հետագայում հարկային մարմին է ներկայացվում 1քմ` մոտ 500$-ով նախնական պայմանագրի հիման վրա կնքված հիմնական պայմանագիրը: Ըստ սփյուռքահայ գործարարի փաստաբանների` սա հարկերից խուսափելու ապօրինությունն է: