17 նոյեմբերի 2005 - 18:40 AMT
Ա.Ռուստամյան.Սահմանադրական բարեփոխումները չի կարելի տեղափոխել իշխանություն-ընդդիմություն պայքարի դաշտ
«Ասելով «այո» սահմանադրական բարեփոխումներին, ժողովուրդը ցանկություն է հայտնում մասնակցելու իշխանության ձեւավորմանը, դեմ քվեարկելով, ժողովուրդը «այո» է ասում գործող սահմանադրությանը եւ, այդպիսով, հավանություն է տալիս երկրում ստեղծված իրավիճակին»,-հայտարարել է արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը այսօր Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, «նոյեմբերի 27-ը վճռորոշ օր է Հայաստանի համար եւ ժողովուրդը պետք է դա հասկանա եւ մասնակցի հանրաքվեին»: Բացի այդ, նա նշել է, որ սահմանադրական բարեփոխումները չի կարելի տեղափոխել իշխանություն-ընդդիմություն պայքարի դաշտ, եւ երբ խոսքը գնում է երկրի զարգացման եւ բարգավաճման մասին, անհրաժեշտ է վեր կանգնել անձնական շահերից եւ հանդես գալ երկրում փոփոխությունների օգտին: «Սահմանադրության նոր տարբերակը նպաստում է Հայաստանի հետագա եվրաինտեգրմանը»,-պարզաբանել է Ա.Ռուստամյանը եւ ավելացրել, որ «Հայաստանի օրենքները իրենց հիմքով համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն իշխանության առանձին թեւերի միջեւ իրավասությունների անհավասար բաշխումը թույլ չի տալիս լիովեն օգտագործել դրանք»: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումները կնպաստեն հանրապետության բյուջեի ավելացմանը 1,5-2 անգամ: Նրա խոսքերով, իշխանության թեւերի միջեւ դիսբալանսի հետեւանք է բավականին մեծ ստվերային հատվածի առկայությունը Հայաստանի տնտեսության մեջ, եւ ապօրինի մենաշնորհները տնտեսության տարբեր ոլորտներում խոչընդոտում են ձեռներեցության զարգացմանը, շուկայի մրցունակությանը, թելադրելով սեփական պայմանները: «Սահմանադրության նոր տարբերակը լուծում է այդ հարցը»,-հայտարարել է Ա.Ռուստամյանը: Անդրադառնալով երկքաղաքացիությանը` նա նշել է, որ այդ հարցը կկարգավորվի առանձին օրենքով, որտեղ կնշվեն այն պայմանները, որոնց առկայության դեպքում արտերկրի հայերը կկարողանան մասնակցել ընտրություններին: Նա նաեւ հավաստիացրել է, որ երկքաղաքացիության արգելքի վերացումը իրավունք չի տալիս սփյուռքի ներկայացուցիչներին մասնակցել Հայաստանի ընտրական գործընթացներին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: