17 նոյեմբերի 2005 - 20:36 AMT
Թուրք գրող Յլդա Օզքանը ներողություն խնդրեց, որ խոսում է «մարդասպանների լեզվով»
Նոյեմբերի 15-ին Ստոքհոլմում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս նվիրված Հայոց ցեղասպանության 90- ամյակին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունում: Կոնֆերանսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանրության լայն շրջանակների մոտ: Կոնֆերանսի ընթացքում բարձրացվել է ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցը, այլ նաեւ ցեղասպանության հետեւանքով առաջացած քաղաքական իրավիճակների եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Կոնֆերանսին ելույթ ունեցան միջազգային լայն ճանաչում ունեցող այնպիսի դեմքեր, ինչպիսիք են, պրոֆեսոր Վահագն Տատրյանը Ամերիկայից, դոկտոր Թեսա Հոֆմանը Գերմանիայից, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան թուրք լրագրող եւ գրող Յլդա Օզքանը Գերմանիայից, Ստոքհոլմի Սյոդերնթորն համալսարանի պատմագիտության պրոֆեսոր Դեյվիդ Գաունթը եւ ուրիշներ: Նրանք հիմք ունենալով տասնյակ տարիների սեփական գիտական ուսումնասիրությունները ի դերեւ հանեցին ամեն մի ժխտողական տեսություն, հատկապես թրքական դեսպանության կողմից պաշտոնական տեսակետը ներկայացնող թուրք պատմաբան Քեմալ Չիչեքի զուտ քարոզչական բնույթ ունեցող տեսակետները:
Վ.Տատրյանը, կենտրոնանալով զուտ թրքական արխիվների վրա, ջախջախիչ փաստարկներով վեր հանեց ցեղասպանության ծալքերը, այնպես որ թուրք պատմաբանի ելույթը եւ տեսակետները հաճախ առաջացրին ներկաների անհավատալի հեգնախառն ծիծաղը: Կոնֆերանսի երկրորդ բաժնում ուշագրավ էր ազգությամբ թուրք Յլդա Օզքանի ելույթը, որը բազմաթիվ օրինակներով ցույց տվեց մարդկային իրավունքների շարունակական խախտումը եւ փոքրամասնությունների նկատմամբ կիռարվող ռասիստական քաղաքականությունը, նա ներկաներին ներողություն խնդրեց որ խոսում է «մարդասպանների լեզվով»:

Կոնֆերանսի վերջին բաժինը հատկացված էր կլոր սեղանի շուրջ բանավեճին եւ ներկաների կողմից տրված հարց ու պատասխաններին: Քեմալ Չիչեքի հակասական, հաճախ ոչ կշռադատված ու անկապ պատասխանները ավելի բացասական արդյունք ունեցավ նրա համա, քան սպասելի էր: Կլոր սեղանին մասնակցող ասորա-սիրիական եւ քալդեական կազմակերպությունների ներկայացուցիչները խիստ դատապարտեցին Թուրքիայի քաղաքականությունը, իսկ Քեմալ Չիչեքի բազմիցս կրկնվող այն արտահայտությանը, թե իբր նա հայերին շատ է սիրում, հայկական կողմի ներկայացուցիչ Կարո Հակոբյանը արտահայտվեց, որ ինքն էլ «թուրքերին շատ է սիրում, բայց միայն այն թուրքերին ովքեր չեն ժխտում ցեղասպանությունը»: