18 նոյեմբերի 2005 - 14:13 AMT
Սանքտ Պետերբուրգում բացվել է Հայ-ռուսական տարածաշրջանային համագործակցության կենտրոն
Նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց միջազգային գիտագործնական կոնֆերանս թմրամոլության ու թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցերով, որը բացեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Զեկուցումներով հանդես եկան ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների եւ այլ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներ: Նույն օրը տեղի ունեցավ «Գույքահարկի մասին» մոդելային օրենքի քննարկմանը նվիրված սեմինար: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Մոլդավիայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուի հետ: Երկու երկրների խորհրդարանների նախագահները կարեւորեցին միջխորհրդարանական հարաբերությունների ձեւավորումը` պատգամավորական բարեկամության խմբերի, հանձնաժողովների համագործակցությամբ, փոխադարձ այցերով, միջազգային կառույցներում փոխգործակցությամբ, նշելով, որ փոխհարաբերությունների զարգացման մեծ ներուժ գոյություն ունի: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին բարեկամության խմբերի ձեւավորման, օրենսդրության բնագավառում կուտակված փորձի փոխանակման, նաեւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շուրջ: Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում Ա.Բաղդասարյանը եւ Սերգեյ Միրոնովը բացեցին Ռուս-հայկական տարածաշրջանային համագործակցության կենտրոնը: Ըստ Ս.Միրոնովի` «Տավրիկյան պատմական պալատում բացված այս կենտրոնը կարող է լավ աշխատել, քանի որ մեր համագործակցությունը լավ հեռանկարներ ունի»: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում բացված կենտրոնից հետո այս քայլը երկու խորհրդարանների համագործակցության կոնկրետ քայլ է եւ կարող է օրինակելի լինել այլ խորհրդարանների համար: Ա.Բաղդասարյանի ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպման առանցքում հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր էին: ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում տեղի ունեցան նաեւ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» անդամ երկրների խորհրդի նիստը եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որտեղ հաստատվեցին ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նախագահները, քննարկվեցին նոյեմբերի 18-ին սկսվող ԱՊՀ ՄԽՎ 26-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: