15 ապրիլի 2013 - 12:25 AMT
Ֆրանսահայերը կոչ են անում Օլանդին ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայում գործող «Հայաստան» մշակութային միությունը շարունակում է ստորագրահավաքը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված նամակի տակ՝ հորդորելով կատարել նախընտրական խոստումն ու ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ստորագրահավաքն անցնում է «Ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հիմա» կարգախոսով:

Միայն Վալանսում, փաստաթղթի տակ արդեն հարյուրավոր մարդիկ են ստորագրել, ստորագրահավաքը շարունակվում է Փարիզում, Լիոնում, Մարսելում:

Նամակում ասվում է, որ օրինագծի ընդունումը Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է:

«Սակայն, այսօր, կես տարի անց, 600-հազարանոց հայ համայնքն ու նրա բարեկամները սպասում են ձեր առաջարկին, իսկ հայ համայնքը մտահոգված է ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությամբ ֆրանս-թուրքական հարաբերությունների մասին»,-ասվում է նամակում, գրում է Nouvelles d'Armenie-ին:

Ակցիային իրենց աջակցությունն են հայտնել նաև ֆրանսահայ այլ կազմակերպություններ: «Հայաստան» միությունը մտադիր է նամակ հղել Ելիսեյան պալատ ապրիլի 24-ին: