15 ապրիլի 2013 - 13:08 AMT
Հայաստանում կներդրվի էլեկտրոնային դրամարկղ

Ինտերնետացման մակարդակը Հայաստանում դեռ անբավարար է, ուստի «ԻԴՐԱՄ» ընկերությունը մշակել է և ներդնում է էլեկտրոնային ֆիզիկական համակարգ, ապրիլի 15-ին մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության Զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը: Ըստ նրա, այդպիսի դրամարկղը թույլ կտա օգտվել ունիվերսալ ծառայություններից «մեկ պատուհանի» սկզբունքով մինչև գիշերվա ժամը 12-ը՝ չայցելելով բանկեր, փոստային բաժանմունքներ ու այլ կազմակերպություններ: Այսօր նման 4 դրամարկղ է գործում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում և 8 թաղապետարաններում, մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 31-ի:

Նարեկ Վարդանյանը հայտնեց նաև, որ ընկերությունն արդեն ունի շուրջ 60 000 գրանցված սպառող, որից 6000-ը՝ ակտիվ: Ընկերության շրջանառությունը 2012թ. կազմել է 1 մլրդ դրամ՝ ապահովելով 100 տոկոս աճ:

Ինչպես ասաց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մարքեթինգային և քարտային բաժնի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը, հաճախորդները բոնուսներ կստանան կոմունալ վճարումների, դրամական փոխանցումների և այլ տրանզակցիաների իրականցման դեպքում:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ողջունեց նախաձեռնության ներդրումը, որն ավելի հարմարավետ կդարձնի քաղաքացիների կյանքը: Նա նաև կարևորեց նոր համակարգի տարածումը նաև այլ վայրերում: