18 նոյեմբերի 2005 - 19:16 AMT
Ռ.Շուգարյանի պատասխանը «Corriere della Sera» օրաթերթում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածին
Հոկտեմբերի 17-ին իտալական հայտնի «Corriere della Sera» օրաթերթում լույս տեսավ Սերջո Ռոմանոյի «Հրեական ցեղասպանությունը եւ հայերի կոտորածները. Երկու տարբեր պատմություններ» խորագրով հոդվածը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովում: Հոդվածը հրապարակվել է ի պատասխան մի ընթերցողի հարցադրման, ըստ որի «ավելի քան 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն ընդամենը պատրվակ է խանգարելու մուսուլմանական Թուրքիայի մուտքը Եվրոպա, քանի որ նույն Գերմանիային, չնայած 6 միլիոն հրեաների սպանությանը, Եվրոպայում ընդունում են»: Հոդվածում, հարցի պատասխանը տեսնելով մարդկության դեմ անցյալում գործած հանցանքները ճանաչելու Գերմանիայի եւ Թուրքիայի տարբեր մոտեցումների եւ դիրքորոշումների մեջ, այնուամենայնիվ փորձ է արվում տարբերակել երկու ցեղասպանությունները դրանց հիմնավորված եւ չհիմնավորված լինելու տեսանկյունից: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հրեաները գերմանական պետության համար վտանգ չէին ներկայացնում եւ նրանց կոտորածը որոշվեց դժվար ըմբռնելի եւ անհեթեթ տեսությունների հիմքում, որի ետեւում միայն Հիտլերի ռասիստական ատելությունն էր եւ հասարակության մի մասի հակասեմիտիզմը: Մինչդեռ հայ ազգային շարժումը օսմանյան ղեկավար դասակարգի կողմից ընկալվում էր որպես Դամոկլեսյան թուր պետության գոյատեւման համար»: Նշենք, որ Ս. Ռոմանոն, հայտնի պատմաբան է եւ մի շարք իտալական եւ եվրոպական համալսարաններում դասավանդել է միջազգային հարաբերությունների պատմություն: 1985-1989թթ. եղել է Իտալիայի դեսպանը Մոսկվայում:

Վերոհիշյալ հոդվածի կապակցությամբ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը պատասխան նամակ հղեց «Corriere della Sera»-ին, որը տպագրվեց թերթի հոկտեմբերի 22-ի համարում: Նամակում մասնավորապես ասվում է. «Ես տատանվում էի «Երկու տարբեր պատմություններ» հոդվածին պատասխանելու հարցում: Եւ որոշեցի գրել ոչ այնքան Առաջին համաշխարհային պատերազմի պատմական փաստերը ներկայացնելու որոշ անճշտության եւ անփութության դեմ, այլ դրանց տարօրինակ մեկնաբանությունն ու ապշեցնող եզրակացությունն ի վերջո դրդեցին ինձ գրել այս պատասխանը: Կամա թե ակամա, հոդվածը եւ նրա հիմքում ընկած գաղափարը հուշում են, որ կան երկու տեսակ ջարդեր. «հիմնավորված», որը 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի դեպքում էր, եւ «չհիմնավորված», ինչպիսին էր Գերմանիայի համար անջատողական վտանգ չներկայացնող 6 միլիոն հրեաների սպանությունը:Առաջին հանցանքը` Հայոց ցեղասպանությունը,երբ հայերը իբր թե Ռուսաստանի պոտենցիալ դաշնակիցներն էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, անվանում են ջարդ եւ Թուրքիային, որը հավակնում է մտնել Եվրոպական Միություն, տողերի արանքում բարեհոգաբար շնորհվում է որոշ արդարացում: Մտադրությունս թուրքերի եւ հայերի պատմության վերաբերյալ բանավեճ սկսելը չէ: Իմ նպատակն է ընդգծել, թե որքան վտանգավոր կարող է լինել մարդկության դեմ իրագործված հանցանքները դասակարգերի բաժանելու փորձը` ըստ դրանց դրդապատճառների, ավելի կամ պակաս պատասխանատվությունների եւ բացատրելիության ձեւերի:

Դա կարեւոր եւ տեղին է հատկապես այսօր` ահաբեկչության դեմ պատերազմի դարում: Mարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ երկու տարբեր պատմություններ չեն կարող լինել: Պատմությունը սակայն տարբեր է մի կողմից հրեա ժողովրդի նկատմամբ իրագործած սարսափելի հանցանքն ընդունելու եւ առանց նախապաշարմունքների տխուր անցյալը հաղթահարելու Գերմանիայի տրամադրվածության եւ պատրաստակամության, մյուս կողմից` հայերի ցեղասպանությունը ժխտելու թուրքական քաղաքականության վերաբերյալ»: