19 նոյեմբերի 2005 - 13:44 AMT
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը դրական է գնահատել Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը
ՆԱՏՕ-ն ներգրավված կողմ չէ ղարաբաղյան հակամարտության դեպքում եւ, համապատասխանաբար, շփման գծում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին որոշումը կախված է կողմերի փոխադարձ համաձայնությունից: Այդ մասին նախօրեին Բաքվում հայտարարել է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, այդ հարցը չի քննարկվել պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք ուշադիր հետեւում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին եւ հուսով ենք, որ հաջորդ տարի առաջխաղացում կլինի»,-հայտարարել է նա: Բաքու կատարած այցի ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռ.Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն գոհ է դաշինքի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության մակարդակից: Նրա խոսքերով, հաջող են իրականացվում համագործակցության շրջանակներում նախանշված աշխատանքները` ուղղված ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագրի նախապատրաստմանը, նշել է նա: Նա հույս է հայտնել, որ մարտին, հնարավոր է, պատրաստ կլինի առաջին զեկույցը կատարաված աշխատանքի մասին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ: Նրա խոսքերով, դաշինքի ղեկավարությունը հանդես է գալիս Ադրբեջանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման օգտին: ՆԱՏՕ-ն պատրաստ է տեխնիկական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին պաշտպանության ոլորտում բարեփոխումների անցկացման համար, հատկապես կառուցվածքային փոփոխությունների, Պաշտպանության նախարարության բյուջեի արդյունավետ օգտագործման եւ այլ հարցերում: Անդրադառնալով Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքին` Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ողջունում է Ադրբեջանի կառավարության ձեռնարկած քայլերը` ուղղված հայտնաբերված խախտումների շտկմանը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը դրական է գնահատել Ադրբեջանի պաշտպանական ոլորտի բյուջեի ծավալների աճը: Նրա կարծիքով, դա բխում է երկրի ընդհանուր բյուջեի ավելացումից եւ ոչ մի կերպ չի կարող ազդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա: