Այսօր սկսվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սլովենիա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սլովենիա: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ին հաղորդել էին նախագահի մամլո ծառայությունում, հայկական պատվիրակության կազմում են արդարադատության, գյուղատնտեսության նախարարները, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահը, Սլովենիայում Հայաստանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի հիմնական նպատակն է խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-սլովենական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Եռօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի, վարչապետ Յանեշ Յանսայի, Ազգային Ժողովի նախագահ Ֆրանս Ցուկջատիի հետ: Տեղի կունենա նաեւ հայ-սլովենական բանակցություններ` ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի, ամենամեծ ընդիմադիր կուսակցության` Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժելկա Կացինի հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Լյուբլյանայի եւ Պիրանի քաղաքապետարաններ, որտեղ հանդիպումներ կունենա Լյուբլյանայի քաղաքապետ տիկին Դանիկո Սիմսիչի եւ Պիրանի քաղաքապետ տիկին Վոյկա Ստուլարի հետ: Նոյեմբերի 23-ին հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---