21 նոյեմբերի 2005 - 15:09 AMT
Կահիրեում տեղի են ունեցել Հայաստանի եւ Եգիպտոսի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդտավությունները
Հայաստանի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների հերթական 6-րդ փուլն անցկացնելու նպատակով նոյեմբերի 16-18-ը Կահիրեում էր գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի առաջին օրը Գ.Ղարիբջանյանին ընդունեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմադ Աբուլ Ղեյտը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին հայ-եգիպտական հարաբերությունները` նշելով, որ հատուկ կարեւորություն է տրվում միմյանց հետ համագործակցության զարգացմանը բոլոր բնագավառներում: Գեղամ Ղարիբջանյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստան-Եգիպտոս ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որի վկայություններից է մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եգիպտոսի անկողմնակալ եւ հավասարակշռված դիրքորոշումը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց եգիպտական կողմին ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամին Հայաստանից տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման համար: Կարեւորելով ԱԳ նախարարությունների միջեւ խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը` Ահմադ Աբուլ Ղեյտն ընդգծեց դրանց նշանակությունը միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումները մերձեցնելու եւ համապատասխանեցնելու համար:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին ՀՀ վարչապետի Եգիպտոս կատարելիք առաջիկա պաշտոնական այցի եւ հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման հետ կապված հարցեր: Նույն օրը Եգիպտոսի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-եգիպտական քաղաքական կոնսուլտացիաները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը եւ Եգիպտոսի ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Աշրաֆ Ռաշիդին քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ: Քննարկեցին նաեւ հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի օրակարգի եւ նիստի ընթացքում ստորագրվելիք համաձայնագրերի հետ կապված հարցերը: