21 նոյեմբերի 2005 - 16:37 AMT
Հարավային եւ Հյուսիսային Կովկասների փորձագետները կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցեր
Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր կքննարկվեն «Կովկասը XXI դարում` հայացք ապագային» երկօրյա միջազգային կոնֆերանսի ժամանակ, որն ընթանում է Թբիլիսիյում Էբերտի հիմնադրամի եւ Կանադայի Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ինչպես հաղորդել է կոնֆերանսի կազմակերպիչ, Միջազգային հետազոտությունների եւ ռազմավարության հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնդելին, կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում են փորձագետներ Հյուսիսային եւ Հարավային Կովկասից, մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Եվրոպայի մի շարք երկրներից: Նրա խոսքերով, կոնֆերանսի նպատակն է կարծիքների փոխանակումը տարածաշրջանի զարգացման հեռանկարների շուրջ: Միջազգային հետազոտությունների եւ ռազմավարության հիմնադրամը ծրագրում է հրատարակել կոնֆերանսի ընթացքում հնչած զեկույցների հավաքածուն: Ինչպես հայտարարել է փորձագետ Զուրաբ Բենդիանիշվիլին, վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ տարածաշրջանի զարգացման հեռանկարների քննարկման համար Թբիլիսիյում հավաքվել են փորձագետներ Հյուսիսային Կովկասի բոլոր հանրապետություններից: Նա հույս է հայտնել, որ կոնֆերանսը կնպաստի ավելի սերտ համագործակցության հաստատմանը տարածաշրջանի փորձագետների միջեւ: «Դա կարագացնի տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործընթացը»,-ասել է Զուրաբ Բենդիանիշվիլին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: