17 ապրիլի 2013 - 13:21 AMT
Արցախցի երեխաների համար ջութակի վարպետաց դասընթացներ են կազմակերպվել

Օրերս Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան արվեստի կենտրոնում Հայաստանից ժամանած ալտահար, «Ա.Խաչատրյանի անվան պետական կվարտետի» ղեկավար Վաչե Հովեյանը և Գերմանիայից ջութակահար, «Գերմանահայկական երաժշտական միության» հիմնադիր Անի Աղաբեկյանը ջութակի վարպետաց դասընթացներ են անցկացրել Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համար:

Անի Աղաբեկյանը karabakh-open.info-ի հետ զրույցում ասել է, որ արցախցի երեխաներն ավելի շատ շփման կարիք ունեն: «Պետք է երեխաներն ավելի շատ շփվեն այլ երեխաների ու մասնագետների հետ, հնարավորություն ունենան հանդես գալ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և արտերկրում»,-նշել է Ա.Աղաբեկյանը՝ հավելելով, որ երկօրյա վարպետաց դասընթացը չափազանց քիչ է և նկատելի արդյունքի հասնելու համար առանվազն մեկ շաբաթ է անհրաժեշտ: Ստեփանակերտից 16-ամյա ջութակահար Դավիթ Հակոբյանը, ով մինչ օրս մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոնների և համերգների Իտալիայում, ԱՄՆ-ում, Բեյրութում, Լիտվիայում, Հայաստանում և այլուր, խոստովանում է, որ ամեն մի վարպետաց դասընթաց լավ առիթ է նոր բան սովորելու: «Ափսոս, որ ընդամենը երկու օր է»,- նշել է Դավիթը: Ալտահար Վաչե Հովեյանի հավաստմամբ՝ Արցախում շատ տաղանդավոր երեխաներ կան, ինչին մեծապես նպաստում է նաև տեղի բնությունը: «Մնում է այստեղի երեխաները շատ նվագեն, գեղարվեստական ու փիլիսոփայական գրականություն կարդան և ամենակարևորը՝ հաճախակի դուրս գան Արցախից ու շփվեն դրսի երաժիշտների հետ»,- ասել է Վ.Հովեյանը: Ստեփանակերտի արվեստի դպրոցի ջութակի ուսուցչուհի Դոնարա Ասրյանը պատմել է, որ հրավիրված մասնագետների հետ շփումը երեխաներին նոր եռանդ է տալիս, և «երկրորդ շնչառությունն» է բացվում: «Սովորաբար մենք մեր յուղի մեջ ենք տապակվում, իսկ Հայաստանից եւ արտերկրից հրավիրված մասնագետների հետ շփումն օգտակար ու հաճելի է ոչ միայն երեխաների, այլեւ մեզ համար»,-ասել է Դ. Ասրյանը: Դասընթացի վերջում հինգ մասնակիցներից կընտրվի մեկը, ով կմասնակցի Երևանում կայանալիք «Գերմանահայկական երաժշտական միության» կողմից կազմակերպված ջութակի վարպետաց դասընթացներին: