17 ապրիլի 2013 - 13:50 AMT
Էդվարդ Նալբանդյանը չմեկնաբանեց ԱԳՆ-ում իր հետագա պաշտոնավարման մասին լուրերը

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվում է մեկնաբանել արտգործնախարարությունում իր հետագա պաշտոնավարման մասին լուրերը:

Այսօր ԱԳՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, արդյո՞ք նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հետագա պաշտոնավարման առաջարկ ստացել, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Եթե դուք նկատի ունեք բամբասանքները, որ գրում են թերթերում, չեմ կարծում, որ մեկնաբանելու անհրաժեշտություն կա»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայաստանի նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական տվեց: Մամուլում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն Էդվարդ Նալբանդյանին նշանակելու են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան: Ավելացնենք, որ Էդվարդ Նալբանդյանն Հայասատանի ԱԳՆ-ն ղեկավարում է 2008 թվականից, նախկինում նա Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն էր: