17 ապրիլի 2013 - 14:40 AMT
Սոցիոլոգ. Ավագանիում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը

Երևանի ավագանիում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսմամբ ներկայացված կլինեն Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և «Բարև Երևան» դաշինքը, հնարավոր է նաև՝ ՀԱԿ-ը:

«ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևանը» կանցնեն շեմը, ՀԱԿ-ի հարցում ընտրողները հիասթափված են, տեսնենք` որքանով կարող են վերականգնել վստահությունն առաջին համարների թեկնածուների նկատմամբ», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկայնի խոսքով` ավագանու ընտրությունը փորձում են քաղաքականացնել, և դա անում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Բարև Երևան» դաշինքը: ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, փորձում են ցույց տալ, որ այս ընտրություններն ապագա քաղաքական սուր պայքարի առաջին քայլն են: Իսկ ահա Հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիրը» ընտրությունները կենցաղային մակարդակում են դիտարկում:

Ընտրությանը, ըստ Ահարոն Ադիբեկյանի, ակնկալվում է 55-60 տոկոս մասնակցություն: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կբաշխվեն ընտրողների ձայները, ապա ըստ սոցիոլոգի, դեռ հստակ ոչինչ չի կարելի ասել երևանցիների 22 տոկոսի ձայների վերաբաշխման մասին, և քաղաքական ուժերի քարոզարշավն ուղղված է հենց այդ ընտրազանգվածի ուղղությամբ: Եթե ՀՀԿ-ն պահպանի իր դիրքերը, նրա ձայները 40 տոկոսից չեն նվազի, իսկ ընդդիմությունը 55 տոկոս ձայն կունենար, եթե միավորվեր: