Ա. Գևորգյան. Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծության զարգացմանն ու արտահանմանը

Ա. Գևորգյան. Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծության զարգացմանն ու արտահանմանը

PanARMENIAN.Net - Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացել է Ազատի, Ապարանի և Մարմարիկի ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին: Տեղերում պատասխանատուների հետ քննարկվել են նաև ջրամբարների սպասարկման և տեխնիկական շահագործման հետ կապված հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ապարանի ջրամբարում, որի ընդհանուր ծավալը 91 մլն խմ է, ներկայումս կուտակվել է 43,5 մլն խմ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35,7 մլն խմ-ի դիմաց: 70 մլն խմ ընդհանուր ծավալով Ազատի ջրամբարում կուտակվել է 37,3 մլն խմ` նախորդ տարվա 41,8 մլն խմ-ի դիմաց:

Հաշվի առնելով եղանակային պայմանները, թե Ազատի, թե Ապարանի ջրամբարները լցնող հալոցքային հոսքերը դեռ սպասվում են: Ըստ պատասխանատուների` ակնկալվում է, որ առաջիկա մեկ ամսում ջրամբարներում կուտակված ջրի ծավալներն էապես կավելանան:

Անցած տարի շահագործման հանձնված 24 մլն խմ ընդհանուր տարողությամբ Մարմարիկի ջրամբարն այս տարի ևս փորձարկման փուլում կգտնվի: Շահագործման տեխնիկական պահանջների համաձայն` նորակառույց ջրամբարները ողջ ծավալով ջուր կարող են կուտակել միայն շահագործումից հետո երրորդ տարվա ընթացքում, իսկ մինչ այդ լցվում են որոշակի ծավալով` պատվարի ամրությունն ստուգելու նպատակով: Զեկուցվել է, որ ներկայումս կուտակված է մոտ 6 մլն խմ, այս տարի, ըստ տեխնիկական չափանիշների, ջրամբարը կարող է լցվել միայն ընդհանուր ծավալի 2/3-ի չափով:

Այցի ավարտին Ա. Գևորգյանը Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում ծանոթացել է անասնաբուծությամբ զբաղվող «Ագրոմիքս» ընկերության կարողություններին: Ընկերության ղեկավարները ներկայացրել են ստեղծված հնարավորությունները, զարգացման ծրագրերը` նշելով, որ հիմնական ուղղությունն անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացումն է և արտահանումը: Ինչպես կենդանի ոչխարի, այնպես էլ մսամթերքի արտահանման համար ընկերությունը հեռանկարային է համարում արաբական երկրների շուկան:

Քննարկվել են արտահանման հետ կապված հարցեր: Ա. Գևորգյանը հավաստիացրել է, որ արաբական երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների գործունեության շրջանակում կառավարությունն աջակցություն կցուցաբերի արտահանման ծրագրերի իրականացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---