23 նոյեմբերի 2005 - 13:10 AMT
Վ.Կազիմիրով. Վաղուց ժամանակն է հակամարտության հիմնական պատճառ ճանաչել Ղարաբաղի ճակատագիրը
Լեռնային Ղարաբաղի գծով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, 1992-96թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994թ.մայիսի 12-ի զինադադարի հաստատման մասնակից, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը բաց նամակով դիմել է հայկական եւ ադրբեջանական հասարակական կազմակերպություններին: Նամակում, մասնավորապես, ասվում է.«Ավելի քան մեկ տասնամյակ առաջ Ռուսաստանի աջակցությամբ կասեցվեց զանգվածային արյունահեղությունը Ղարաբաղում: Դաժան հակամարտությունը կասեցվեց անլիարժեք` «ոչ պատերազմ, որ խաղաղություն» փուլում, որը բավական մեծ վնաս է հասցնում երկու ժողովրդներին, արգելակում է պետությունների սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումը: Սա ամենացավոտ խնդիրն է հակամարտության բոլոր կողմերի համար: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների էպիզոդիկ հանդիպումները դեռեւս շոշափելի արդյունք չեն տվել ժողովրդներին: Վերջապես, այդ երկրներում գրեթե անցյալում են մնացել կարգավորմանը խանգարող ընտրական կրքերն ու ջղակծկումները, սակայն մնում է գլխավոր խոչընդոտը` կողմերի չափազանց կարծր դիրքորոշումները: Տասնմեկ տարին ավելի քան բավարար է նպատակասլաց, լուրջ բանակցություններ անցկացնելու համար: Մարդիկ իրավունք ունեն հարցնելու` ու՞ր է արդյունքը:

2006 թվականը դառնում է ճշմարտության պահ: Երկու ժողովրդները դեռ չեն հաղթահարել կեղծ հայրենասիրական անզուսպ պահանջների մշուշը, թեեւ հակամարտության չկարգավորված լինելը ավելի է վնասում նրանց, քան հնարավոր փոխադարձ զիջումները (որոնք բացարձակապես անխուսափելի են` առանց դրանց պայմանագրեր ընդհանրապես չեն լինում): Սակայն այն պնդումներից, թե հասարակությունը պատրաստ չէ զիջումների, օգուտ չկա: Ավելի օգտավետ կլինի հասկանլ, թե նախապատրաստում են հանրությանը դրան, ովքե՞ր եւ ինչպե՞ս: Իշխող շրջանակները՞: Նրանց համար թանկ է իշխանությունը: Քաղաքական կուսակցությունները՞: Նրանք հաճախ վարվում են միայն պահի թելադրանքվ եւ հիմնվում հասարակական կարծիքի վրա, այլ ոչ թե իրենք են ձեւավորում այն:

1994թ.մարտերը դադարեցնելու համար հակամարտության մասնակիցներին հարկավոր էին «խաղաղության կուսակցություններ», իսկ այժմ շատ անհրաժեշտ են իրատեսական եւ ճկուն կուսակցություններ: Հասարակական կազմակերպությունների, «ժողովրդական դիվանագիտության» մասնակիցները կառչած չեն իրենց աթոռներից: Նրանք մտահոգված, հեռատես, նախաձեռնող մարդիկ են: Նրանք չեն սպասում, թե երբ փոփոխություններ կլինեն դեպի լավը, այլ ամեն կերպ մոտեցնում են դրանք: Առանց նրանց սթափ բարենպաստ դերի ավելի դժվար է հասնել ըմբռնելի առաջընթցի դիրքորոշումներում:

Միայն նրանք կարող են ասել. միեւնույն է ադրբեջանցիները եւ հայերը ստիպված են դարերով ապրել եթե ոչ միասին, ապա կողք կողքի, եւ նախընտրելի է բարիդրացիական մթնոլորտում, քան թշնամական: Բացատրական աշխատանքով նրանք կօգնեն ղեկավարներին ընդլայնել դաշտը քաղաքական մանեվրի եւ հավասարակշռված զիջումների համար: Պաշտոնական դիրքորոշումների կարծրության եւ շփումների խզման դեպքում հասարակությունը կարող է վերածնվել, մթնոլորտը մեղմանալ, «ծանր» հարցեր բարձրացնել միայն ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:

Վաղուց հարկ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որպես հակամարտության հիմնական պատճառ եւ գլխավոր վիճելի հարց: Դա հայտնի է բոլորին եւ անհերքելի է: Դրա ընդունումը բոլորի կողմից ոչ միայն տուրք կլիներ իրատեսությանը, այլ նաեւ առաջին քայլը կհանդիսանար փոխադարձ զիջումների որոնման, խնդրի քաղաքակիրթ, խաղաղ լուծման ճանապարհին: Չկան այժմ նաեւ այլ ուժեր, որոնք ի վիճակի են անդրադառնալ ռազմավարական խնդրին` երկու ժողովրդների պատմական հաշտեցմանը: Առաջնորդները դեռեւս չեն կարող դա անել, իսկ ժողովրդներին այլ նորմալ հեռանկար տրված չէ:

Ժողովրդական դիվանագիտությունը իր բնույթով դեմ է լարվածությանը, օկուպացիային, սպառազինությունների մրցավազքին, ուժային ատավիզմներին: Ուժին ապավինելը ժողովրդների միջեւ ի սկզբանե արատավոր է եղել, սակայն այժմ դա դառնում է առավել վտանգավոր:

Երկրի վրա այժմ նոր դար է այլ արժեքներով. ժողովրդավարություն, հանդուրժողականություն, շփումներ, ճկունություն, փոխզիջումներ: ԼՂ շուրջ վեճը պետք է մարտի դաշտից անցնի բանակցությունների սեղան կամ դեպի թափանցիկ ընտրախցիկներ: Պատերազմում գնահատում էին կարծրությունը, այժմ ավելի օգտակար է ճկունությունը, սակայն այն դեռեւս պակասում է : Փոխզիջումը մի փոքրիկ քայլ է դեպի քաղաքակրթություն, դեպի օրինական իրավունքների եւ շահերի ընդունում , ընդ որում ոչ միայն սեփական:

Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, բոլոր սթափ դատող մարդիկ հանդես են գալիս ադրբեջանցիների եւ հայերի միջեւ շփումների հաստատման եւ ընդլայնման օգտին: Այլ մոտեցումը ապագա չունի: Խոչընդոտներին հակառակ, օգտակար են ոչ կառավարական կազմակերպությունների շփման ամենատարբեր ձեւերը, ներառյալ հանդիպումներն արտերկրում, եւ իհարկե, Ռուսաստանում, երբեմն ադրբեջանական եւ հայկական համայնքների աջակցությամբ:

Ղարաբաղյան կարգավորման վաղեմի ձգձգումները միանշանակ պահանջում են ժողովրդական դիվանագիտության վերսկսում եւ աճող ակտիվություն: Անհրաժեշտ է համադրելով ջանքերը «երկրորդ շնչառություն» հաղորդել նրան 2006 թվականին, հեշտացնելու համար, վերջապես, կոնկրետ համաձայնության կայացումը»: