Proparco ֆինանսական ընկերությունը մուտք է գործել Հայաստանի շուկա և առաջինը կֆինանսավորի Ամերիաբանկին

Proparco ֆինանսական ընկերությունը մուտք է գործել Հայաստանի շուկա և առաջինը կֆինանսավորի Ամերիաբանկին

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Ֆրանսիան երկրորդ երկիրն է Հայաստանում կատարվող ներդրումային ծրագրերի ծավալով Ռուսաստանից հետո և առաջինն է արևմտյան երկրների թվում: Երկրի տարածքում գործում է ֆրանսիական կապիտալով շուրջ 150 ընկերություն: Երկկողմ համագործակցության զարգացման համար 2012թ. աշնանը հիմնվեց հայ-ֆրանսիական գործարարների ակումբը:

Գնահատելով Հայաստանի ներդրումային ներուժն ու առկա կապերը, Ֆրանսիական Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալությունը (Investment and Promotion Company for Economic Cooperation) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ ստորագրեց պայմանագիր` 15 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին: Պրոպարկոյի կողմից սա առաջին ֆինանսական ներդրումն է Հայաստանում և երկրորդը` Անդրկովկասի ամբողջ տարածաշրջանում: Պրոպարկոյի ներդրումների գծով փոխտնօրեն Ժերոմ Բերտրան-Հարդին նշեց, որ Ամերիաբանկն ընտրվեց շուկայում նրա դիրքի ու ֆինանսական ցուցանիշների հիման վրա, ինչպես նաև ելնելով գյուղատնտեսությունը վարկավորելու նրա հնարավորություններից, քանի որ այդ ոլորտն առաջնային է Զարգացման ֆինանսական գործակալության համար: Ժերոմ Բերտրան-Հարդին վստահություն է հայտնել, որ համագործակցությունը բանկի հետ տևական կլինի, իսկ հետագա ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ թույլ կտան ապահովել երկրի զարգացումը: Ապրիլի 18-ին Ժերոմ Բերտրան-Հարդին և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ստորագրեցին վարկային պայմանագիրը, որով Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալությունը 15 մլն դոլարի վարկ կտրամադրի Ամերիաբանկին: Վարկն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Վարկային միջոցները կտրամադրվեն 8 տարի ժամկետով մրցունակ շուկայական տոկոսադրույքներով: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն զարգացման ռազմավարության շրջանակներում վարկավորում է ՓՄՁ-ներին: Արտակ Հանեսյանը նշեց, որ 2013թ. առաջին եռամսյակում բանկին հաջողվեց ՓՄՁ-ների վարկավորման ծավալներն ավելացնել 15 տոկոսով, ինչը լավ ցուցանիշ է հավակնոտ նպատակին՝ ՓՄՁ-ների վարկավորումը տարեկան կտրվածքով 75 տոկոսի հասցնելու ճանապարհին: Այդ գործում բանկին կօգնեն Proparco-ն, ինչպես նաև վարկային այլ պայմանագրերը, որոնք բանկը մտադիր է կնքել այլ միջազգային կառույցների հետ:

Պրոպարկան զարգացման ֆինանսական կազմակերպություն է, որի սեփականատերերն են Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD), ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Ֆրանսիայի հյուսիսային և հարավային շրջաններից: Պրոպարկոյի առաքելությունն է զարգացող երկրներում մասնավոր ներդրումների խրախուսումը աճի և կայուն զարգացման ապահովման և հազարամյակի զարգացման նպատակների իրագործման նպատակով: Պրոպարկոն ֆինանսավորում է տնտեսապես իրագործելի և մրցունակ, սոցիալապես արդար և ֆինանսապես շահութաբեր նախագծեր: Պրոպարկոն հանդիսանում է աշխարհում զարգացման երկկողմանի ֆինանսավորման առաջատար կազմակերպություններից մեկը, որը ներդրումներ է կատարում չորս մայրցամաքներում` զարգացող, ինչպես նաև աղքատ երկրներում (մասնավորապես Աֆրիկայում) և ղեկավարվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության բարձր չափանիշներով: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---