23 նոյեմբերի 2005 - 14:29 AMT
Հեյկի Տալվիտիե. ԵՄ-ն շահագրգիռ է ղարաբաղյան խնդրի լուծման հարցում
Նախօրեին Բաքվում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն ԱՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հանդիպում է ունեցել երկրի ընդդիմության ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը, Ազգային ժողովի նախագահ Ալի Քերիմլին, ԱԴԿ նախագահի առաջին տեղակալ Սարդար Ջալալօղլուն եւ Ազգային միասնության շարժման ղեկավար Լալա Շովկեթը: «Մուսավաթի» նախագահ Ի.Ղամբարը լրագրողներին է հաղորդել, որ հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ԵՄ եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները.«Հ.Տալվիտիեն հայտարարել է, որ Եվրոպական միությունը շահագրգիռ է ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Հանդիպմանը քննարկվել են նաեւ խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները:

Մեր դիրքորոշումը այդ հարցում չի տարբերվում ընդհանուրից եւ հայտնի է բոլորին: ԵՄ տեսակետը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նորմալ է: Այսինքն ԵՄ-ն գտնում է, որ ԵԱՀԿ դիտորդական զեկույցը անաչառ է»: Նշենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցը կքննարկվի ԵՄ հատուկ ներկայացուցչի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՀ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ, Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հեյկի Տալվիտիեն ասել է, որ իր այցի նպատակն է բանակցություններ վարել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, իսկ առաջիկայում տեխնիկական խորհրդատվություններ կսկսվեն Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ: Վերջում Հ.Տալվիտիեն հաղորդեց, որ նրա հաջորդ այցը տարածաշրջան նախատեսվում է 2006 թվականի սկզբին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: