18 ապրիլի 2013 - 16:30 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող լուծել ղարաբաղյան հիմնահարցը, գտնում է Բաքվում Իրանի դեսպանը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չլուծված լինելու պատճառն այն է, որ Մինսկի խումբն ունակ չէ լուծելու այն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսին Փակ Ային: «Դա ոչ մի կապ չունի Հայաստանի հետ Իրանի կապերի հետ: Իրանա-ադրբեջանական կապերը ձևավորվել են երկու հարևան պետությունների հարաբերությունների շրջանակներում: Մյուս պետությունները, որոնք նույնպես բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, էլ ավելի լայն կապեր ունեն Հայաստանի հետ, քան Իրանը: Ուստի, մեղադրելով Իրանին, ոմանք ձգտում են քողարկել Մինսկի խմբի թույլ կողմերը»,-ասել է նա: Դիվանագետը նաև նշել է, որ ղարաբաղյան կարգավորման ձգձգումը բխում է ինչպես մեծ ուժերի, այնպես էլ ՄԽ համանախագահ երկրների շահերից: «Այդ ուժերը լուրջ ջանքեր չեն գործադրում այդ ուղղությամբ: Իրանը կողմ է հակամարտության շուտափույթ կարգավորմանը»,-ասել է դեսպանը, գրում է 1news.az-ը: