23 նոյեմբերի 2005 - 16:19 AMT
Թուրքական հասարակությունից գաղտնի են պահել Լոնդոնի պատասխանը «Կապույտ գիրքը» վերանայելու վերաբերյալ հարցապնդմանը
Թուրքիայի իշխանությունները հասարակությունից թաքցրել են թուրքական խորհրդարանի դիմումին ի պատասխան Մեծ Բրիտանիայի խորհրդարանից նոյեմբերի 16-ին ստացված նամակը, որում մերժվում է «Կապույտ գիրքը» վերանայելու` թուրք խորհրդարանականների պահանջը, գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայում իր դեսպան Փիտեր Վեսթմաքքոթի միջոցով մերժել է «Կապույտ գիրքը» վերանայելու Թուրքիայի խորհրդարանի հարցապնդումը: «Կապույտ գիրքը» 1916 թվականի խորհրդարանական հաշվետվություն է` ձեւակերպված որպես «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում 1915-1916թթ», որը փաստացիորեն հաստատում է Հայոց ցեղասպանության սիստեմատիկ, քաղաքականապես պատճառաբանված եւ մտածված բնույթը: Իր նամակում բրիտանացի դիվանագետը պաշտոնապես պարզաբանել է, որ «Կապույտ գրքի» նախագծի նախաձեռնողը եղել է ոչ թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը, այլ խորհրդարանը: Նա ընդգծել է, որ թուրք խորհրդարանականների պնդումներին հակառակ փաստաթղթում ներկայացված առանձին անձանց զեկույցներից ոչ մեկը չի հերքվել: Բացի այդ, հեղինակների` Լորդ Բրայսի եւ հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբիի ազնվությունը չի կարող կասկածի տեղիք տալ: Եվրոպայի հայկական միությունը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցչի այս ուղերձը հաստատում է, որ երկրի կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը որպես անհերքելի եւ փաստացիորեն հաստաված փաստ: