23 նոյեմբերի 2005 - 17:38 AMT
ՎՈՒԱՄ-ը դիմել է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում տարածաշրջանային հակամարտությունների հարցն ընդգրկելու խնդրանքով
ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպության անդամները` Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գտնում են, որ միջազգային միջնորդությունը Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում առկա տեւական հակամարտությունների լուծման հարցում ոչ մի արդյունք չի տվել: Այդ պատճառով նրանք առաջարկել են առաջնային կարգով քննարկել տեւական հակամարտությունների կարգավորման հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նիստում: Գլխավոր վեհաժողովի 60-րդ նիստի օրակարգում «Տեւական հակամարտությունները Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» վերնագրով նոր կետ ընդգրկելու խնդրանքով համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ում Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները` հասցեագրելով այն վեհաժողովի նախագահին, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը: Նամակին կից բացատրական գրառման մեջ ընդգծվում է, որ տեւական հակամարտությունները Մոլդովայի Հանրապետության արեւելյան շրջաններում, Վրաստանում` Աբխազիայում, Ցխինվալի շրջանում եւ Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում լուրջ սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, սպառնում են ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: