24 նոյեմբերի 2005 - 12:40 AMT
Ռամիլ Սաֆարովի երրորդ բժշկական փորձաքննությունը կանցկացվի նոյեմբերի 25-ին
Ռամիլ Սաֆարովի երրորդ բժշկական փորձաքննությունը կանցկացվի նոյեմբերի 25-ին: Այդ մասին հաղորդել է Ռ.Սաֆարովի դատապաշտպան Ադիլ Իսմայլովը: Փորձաքննության արդյունքները կներկայացվեն Բուդապեշտի դատարան, որը դեկտեմբերի 15-ին կշարունակի դատավարությունը: Ա.Իսմայլովի խոսքերով դատին մասնակցելու համար նա մտադիր է դեկտեմբերի 10-ին մեկնել Հունգարիա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:


Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գ.Մարգարյանի սպանության գործով փաստաբան, Փաստաբանների միջազգային միության անդամ Նազելի Վարդանյանը, սեպտեմբերի 27-ին Բուդապեշտում կայացած նիստի ժամանակ իրենց եզրակացություններն են տվել փորձագետները, որոնք անց են կացրել առաջին եւ երկրորդ դատահոգեբանական փորձաքննությունը: Առաջին փորձաքննության արդյունքում Ռ.Սաֆարովը մեղսունակ էր ճանարվել: Պաշտպանության միջնորդությամբ անց է կացվել երկրորդ փորձաքննությունը, որի արդյունքում Սաֆարովի մոտ հայտնաբերվել էին հետտրավմատիկ սինդրոմի տարրեր: Հոգեբան Յուհաս Քրիստինը, որն առաջին փորաձքննությունն էր անցկացրել, հաստատակամորեն եւ մանրամասն ներկայացրեց իր տեսակետը եւ փորձաքննության արդյունքուները, հայտարարելով, որ այդ վիճակում մարդկանց մոտ ի հայտ է գալիս վախ, եւ ոչ թե ագրեսիա: Նման սինդորմով մարդը չէր դառնա բանակի սպա եւ ոչ մի կերպ չէր գնա սպանության: Ավելին, հետտրավմատիկ սինդրոմը կարող է հայտնվել մի մարդու մոտ, որը դարձել է որեւէ ողբերգական իրադարձությունների անմիջական վկան, մասնավորապես, ինչպես պնդում է պաշտպանությունը, «Խոջալուի դեպքերի» ականատեսը: Սակայն, Սաֆարովը այդ իրադարձությունների ժամանակ եղել է Բաքվում, իսկ այնուհետեւ մեկնել է Թուրքիա: Երկրորդ փորաձքննությունը վարած փորձագետ Իլդիկո Կովաչի իր իրավացիությունը ապացուցելու փորձերը պրոֆեսիոնալ չէին: Ինչպես հայտարարել էր մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, Կովաչը պնդում էր, թե Թուրքիայում Ռ.Սաֆարովը «Քսենեքս» դեղամիջոցն էր ընդունում, որը նախատեսված է հետտրավմատիկ սինդրոմով մարդկանց համար: Սակայն Յու.Քրիստինը ի պատասխան հայտարարել է, որ հենց այդ ժամանակ այդ դեղամիջոցը շրջանառության մեջ չի եղել, իսկ եթե նման դեղամիջոց նույնիսկ եղել է, ապա այն կրել է բոլորովին այլ անվանում: Ըստ Ն.Վարդանյանի, այդ սինդրոմը չի համարվում հոգեկան հիվանդույթուն եւ չի կարող դիտարկվել որպես մեղմացուցիչ հանգամանք: Դատարանը որոշել է անցկացնել երրորդ փորձաքննությունը, որը կուսումնասիրի առաջին երկուսի եզրակացությունները եւ նախապատվությունը կտա դրանցից մեկին:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: