24 նոյեմբերի 2005 - 13:29 AMT
Միջազգային ճգնաժամային խումբն առաջարկում է էմբարգո դնել ԱՀ կառավարության անդամների այցերի վրա դեպի ԱՄՆ եւ Արեւմտյան Եվրոպա
Նոյեմբերի սկզբին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ոչ մի բանով չէին տարբերվում 2003 թ. նախագահական եւ 2004 թ. տեղական մարմինների ընտրություններից: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: «Ճիշտն ասած, ողջ միջազգային հանրությունը ակնկալում էր Ադրբեջանից լավ ընտրություններ, եւ այդ ուղղությամբ հույս էին ներշնչում նախագահի հրամանագրերը ընտրական գործընթացը կատարելագործելու վերաբերյալ: Սակայն ընտրությունների օրը մենք բոլորովին այլ տեսարանի ականատեսները դարձանք: Մեր դիտորդները իրենք վկաները դարձան բազմաթիվ բացասական պահերի,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, ապագայում նման դեպքերը կանխելու համար, անհրաժեշտ է քննել կեղծարարությունները, քրեական պատժի ենթարկել մեղավորներին եւ ապահովել հավասարությունը ընտրական հանձնաժողովներում: Ճիշտ է, որոշ ընտրատարածքների վերաբերյալ միջոցներ ձեռնարկվել են, սակայն դա բավական չէ: ԱՀ ԿԸՀ-ն պետք է չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ թույլ են տրվել զեղծարարություններ: Ինչպես նշել է Ս.Ֆրեյզերը, դատախազությունը պետք է քննի բոլոր ներկայացված բողոքները, որոնց մեջ կա հանցագործության կազմ: Դատարանները պետք է անհապաղ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Եթե այդ միջոցները չկիրառվեն, ապա մարդկանց վստահությունը Ադրբեջանում ընտրությունների հանդեպ կկորցվի:
Սաբինա Ֆրեյզերը նշել է նաեւ, որ Ադրբեջանի ընտրությունների մասին ՄՃԽ զեկույցում կա պահանջ ուղղված միջազգային կազմակերպություններին` Բաքվի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: «Մենք ելնում ենք նրանից, որ եթե Ադրբեջանի իշխանությունները ուժ կիրառեն ընդդիմության հանրահավաքների ժամանակ, ապա միջազգային հանրությունը պետք է հարց բարձրացնի Բաքվի հետ Եվրամիության բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ, քայլեր ձեռնարկի ԱՀ անդամակցությունը Եվրոպայի Խորհրդում սառեցնելու համար: Ինչպես նաեւ ԱՄՆ-ն եւ Արեւմտյան Եվրոպան պետք է էմբարգո դնեն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների այցերի վրա այդ երկրներ: Առաջին հերթին, դա պետք է վերաբերվի Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին, եւ այլ ուժային նախարարներին, որոնք առնչություն ունեն դրա հետ: Իսկ ընդդիմությունից իր հերթին պահանջվում է դուրս չգալ օրենքի շրջանակներից եւ շարունակել խաղաղ ակցիաները»,-հայտարարել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են լուրջ ընկալվում ՄՃԽ զեկույցները միջազգային կազմկերպությունների եւ արեւմտյան կառավարությունների կողմից, Ս.Ֆրեյզերը հայտարարել է. «Ես կասեմ, որ մեր զեկույցները ուշադիր զննության են ենթարկվում բազմաթիվ միջազգային կազմակերպություններում եւ տարբեր երկրների կառավարություններում: Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ մեր վերջին զեկույցը պատրաստելու գործում մեծ դերակատարություն է ունեցել մեր Վաշինգտոնի գրասենյակը, որը հաջորդ օրն եւետ փոխանցել է այդ զեկույցը Սպիտակ տուն, Պետդեպարտամենտ եւ ԱՄՆ այլ պետական հաստատություններին: Բացի այդ, զեկույցը փոխանցվել է նաեւ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ այլ եվրոպական կազմակերպությունների բարձրաստիճան կառույցներին: ՄՃԽ-ն հայտնի միջազգային կազմակերպություն է աշխարհում եւ տարբեր երկրների կառավարությունները հաշվի են առնում մեր զեկույցը եւ հաշվի նստում մեր տեսակետի հետ», հաղորդում է «Day.az»-ը: