19 ապրիլի 2013 - 16:48 AMT
ՀԱԿ-ն ընդդեմ ՀԱԿ-ի. Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. Ո՞ւմ ի՞նչ կմնա

ՀԱԿ կուսակցությունը որոշեց ՀԱԿ դաշինքի անունը վերցնել և այդ անունով ներկայանալ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ դաշինքի անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դժգոհեց, որ փոխանակ իրենք ասեն` ՀԱԿ դաշինքի անունից հանդես մի եկեք, կուսակցության ներկայացուցիչներն են ասում: Նա հիշեցրեց, որ ՀԱԿ դաշինքը ծնվել է կուսակցոթյունների միավորման որոշմամբ և տասը կուսակցությունների կնիքով։

«Ժողովրդական ասացվածք կա` սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Քանի որ ՀԱԿ դաշինքն իրավաբանորեն գրանցված չէ, իսկ ՀԱԿ կուսակցությունը գրանցված է, դրա համար մենք չենք աղմկում: Իրավական առումով ՀԱԿ-ը օրենք չի խախտել, բայց, բացի իրավական հարթությունից, կա նաև բարոյական հարթություն: Ի՞նչ վատ բան ենք անում, որ ուզում ենք ՀԱԿ կուսակցության հետ չհամագործակցած կուսակցությունների հետ համագործակցել»,- ասաց ՀԱԿ դաշինքի անդամը:

Սոս Գիմիշյանը նշեց, որ վերջին տարիներին ՀԱԿ դաշինքում իրական ժողովրդավարություն, փոխադարձ հարգանք, փոխադարձ վստահություն չկար, իսկ այժմ իրենք դա վերականգնելու են: Սոս Գիմիշյանը նկատեց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնում է ՀԱԿ դաշինքը, ոչ թե ՀԱԿ կուսակցությունը: Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովներում տեղեր զբաղեցնելուն, ապա դրանք, ըստ Սոս Գիմիշյանի, պատկանում են ՀԱԿ դաշինքին, որի կազմում կա ութ կուսակցություն: «ՀՀՇ-ն կարող է ակնկալել այդ տեղերի 1/8-րդը»,- ասաց նա:

Սոս Գիմիշյանը նշեց, որ եթե ՀՀՇ-ն չգնար վերակազմավորման ճանապարհով, ևս մի քանի կուսակցություններ դուրս կգային, բայց ՀՀՇ-ն դուրս եկավ դաշինքից, իսկ իրենք որոշեցին այն պահպանել։ Սոս Գիմիշյանը շեշտեց, որ մինչ այդ ՀԱԿ դաշինքից այլ կուսակցություններ էլ են գնացել, բայց իրենց հետ չեն տարել ոչ անունը, ոչ լոգոն. «Գնացողը ամեն ինչ թողնում է մնացողին»: