Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հրատարակվել է միանգամից մի քանի գիրք

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հրատարակվել է միանգամից մի քանի գիրք

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» իրականցվող ծրագրերի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված Հայր Վահան ծ. վրդ. Օհանյանի և Ոսկան Մխիթարյանի հեղինակած «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին» ժողովածուի, «Հայկական պետության սահմաններն ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» և «Գրիգոր Գուլգուլյանի գործը. վրեժ սպանված հոր և եղբայրների համար» գրքերի շնորհանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել է հրատարակված գրքերը և նշել. «Մի քանի օրից ողջ աշխարհի հայությունը նշելու է Մեծ եղեռնի 98-րդ տարելիցը և հայկական համայնքներում կազմակերպվելու են Ցեղասպանության զոհերի հիշատակի խնկարկման արարողություններ: Այս գրքերից յուրաքանչյուրը յուրովի վկայություն և ազդակ է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացում»:

Հայր Օհանյանը ներկայացրել է «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին» գրքի ստեղծման պատմությունը: Անգլալեզու գիրքը ներառում է ամերիկյան «Նյու Յորք թայմս» պարբերականում Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո այդ թեմայի վերաբերյալ տեղ գտած հրապարակումների ժողովածու: Հեղինակի հավաստմամբ սա իր կատարած հետազոտությունների առաջին հատորն է և շարունակելու է աշխատանքները հաջորդ հատորների հրատարակման ուղղությամբ, որոնք լինելու են «Լոս Անջելես թայմս», «Վաշինգտոն փոստ», «Բոստոն գլոբ» և այլ հեղինակավոր պարբերականներում տպագրված հոդվածներից կազմված ժողովածուներ: Գիրքը հրատարակվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջյանի ֆինանսավորմամբ:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ներկայացրել է «Հայկական պետության սահմաններն ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» գիրքը, որում ներկայացվում է 1856-1924թթ Վ. Վիլսոնի կազմած փաստաթուղթը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ և այդ կապակցությամբ նրա պաշտոնական նամակը Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին:

«Գրիգոր Գուլգուլյանի գործը», որը Ցեղասպանության ժամանակ հորը և եղբայրներին կորցրած հայ երիտասարդի վրեժխնդրության պամություն է, ներկայացրել է գրքի խմբագիր Հովհաննես Զատիկյանը: Ելույթ է ունեցել նաև հերոսի ավագ ծոռ Պարույր Գուլգուլյանը:

Գրքերի հրատարակման առիթով հեղինակներին շնորհավորել և գրքերին բարձր գնահատական են տվել ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն պ.գ.դ. Աշոտ Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---