20 ապրիլի 2013 - 12:50 AMT
Ցարնաևների ծնողներն այլևս չեն շփվում մամուլի հետ

Տամերլան և Ջոխար Ցարնաև եղբայրների ծնողները, որոնց ԱՄՆ իշխանությունները կասկածում են Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններն իրագործելու մեջ, դադարեցրել են շփումները մամուլի հետ: Ինչպես հայտնել է «Ինտերֆաքսը», Մախաչկալայում են գտնվում մեկ տասնյակից ավելի ռուս և օտարերկրյա լրագրողներ, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողանում կապ հաստատել Ցարնաևների ծնողների հետ՝ հեռախոսը չի պատասխանում, երեկվա հասցեում նրանք այլևս չկան: Ընտանիքի հեռավոր հարազատներից մեկը պատմել է թղթակցին, որ նրանք ցանկանում են ուշքի գալ: «Հասկանում եք, նրանք շոկի մեջ են: Ավագ որդին սպանված է, կրտսերը՝ ձերբակալված է և մեղադրվում է սարսափելի հանցագործության մեջ: Նրանք ցանկանում են ուշքի գալ, նրանց ժամանակ է պետք է տալ»,-ասել է նա:

Ավելի վաղ Զուբեյդաթ Ցարնաևան՝ եղբայրների մայրը հայտարարել էր, որ իր որդիները մեղավոր չեն: «Իմ կրտսեր որդին 8 տարեկանից Ամերիկայում է մեծացել: Մեր տանը երբեք խոսք չի եղել ահաբեկչության մասին»,-ասել է նա RT հեռուստաալիքին: Ըստ նրա, ավագ որդին՝ Տամերլանը, 5 տարի առաջ տարվեց կրոնով և սկսեց կատարել իսլամական ծեսերը, սակայն երբեք չի ասել, թե պատրաստվում է ջիհադի ճանապարհով գնալ: