20 ապրիլի 2013 - 20:18 AMT
Լ. Զուրաբյանը Վ. Գասպարյանից ոստիկանական պաշտոնյաների անուններ ու կոնտակտներ է ուզում

«Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության ղեկավար, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Զուրաբյանը ոստիկանապետին հայտնել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական քարոզչությունը խոչընդոտվում է ոստիկանների անգործության պատճառով: Զուրաբյանի նամակում, մասնավորապես ասված է.

«Ավանում և Կենտրոնում նախընտրական քարոզչական նյութեր բաժանող մեր ակտիվիստներին մոտեցել են մարդիկ, ովքեր քարոզչության իրականացման դադարեցման ապօրինի պահանջներ են ներկայացրել, սպառնալիքներ տեղացել, որոշ դեպքերում անգամ բռնություն կիրառել:

Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները խոչընդոտել են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կողմից Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ոչ զանգվածային միջոցառում հանդիսացող նախընտրական ակցիայի իրականացմանը:

Մասնավորապես, ոստիկանությունը, կոպտորեն խախտելով քաղաքացիների ընտրական իրավունքը, ազատ տեղաշարժի և ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու իրավունքները, պատնեշներ է կազմակերպել երթի մասնակիցների առաջ, այնուհետև բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հրմշտոց սարքել՝ նպատակ ունենալով ձախողել նախընտրական ակցիան:

Ոստիկանության անգործությունը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու ապօրինի փորձերի նկատմամբ, ինչպես նաև հենց ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական ազատությունների և ընտրական իրավունքի խախտումները վկայում են, որ ոստիկանությունը օրինականությունը և իր գործունեության մեջ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն, կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները:

Պահանջում եմ անմիջապես դադարեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը և ապօրինությունները, քաղաքական չեզոքության դիրքերից պատշաճորեն պահպանել հասարակական կարգը, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների:

Առաջարկում եմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբին տեղյակ պահել ընտրական գործընթացի օրինականության պահպանման համար պատասխանատու ոստիկանական պաշտոնյաների անունների և կոնտակտային տվյալների մասին, ինչը թույլ կտա ապօրինությունների կանխման նպատակով արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել»: