20 ապրիլի 2013 - 23:27 AMT
Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղսոսին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երևանցիներ:

Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ընթացքում Երևանը սիրով հյուրընկալել է գրասեր միջազգային հասարակությանը, կայացել են բազմաթիվ համաժողովներ, փառատոններ ու համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ ու ներկայացումներ: Երևանում բացվել են նաև գրախանութներ, հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հարյուրավոր հայ ու արտասահմանցի հեղինակների բազմաթիվ գրքեր.

«Երևանն անցած տասներկու ամիսներին պատիվ ունեցավ կրելու Գքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր ու պատվավոր տիտղոսը: Դա, կարծում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով հայոց հինավուրց մայրաքաղաքի գրքի ու գրականության նկատմամբ ունեցած դարավոր սիրո, համաշխարհային հանրության վստահության ու գնահատականի դրսևորումն էր: Կարծում եմ, որ քաղաքամայր Երևանն ունեցավ իր հատկանշական դերակատարումը այս գործում և սիրով այս պատվաբեր տիտղոսը ապրիլի 23-ին հայկական պատվիակության կողմից կփոխանցվի Բանգկոկին` բովանդակային առումով հագեցած, կարևորված ու հարստացած»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վերահաստատել միջազգային հումանիտար ծրագրերին մասնակցելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը. «Երևանն այսուհետ ևս պատրաստ է իր ամենագործուն մասնակցությունը բերել ՄԱԿ-ի ու մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին»:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայ գրատպության 500 ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում այսօր մարդիկ ավելի շատ են կարդում:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակվելու կապակցությամբ 2012-ին բացված հուշամատյանում, որն ի պահ տրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին, վերջին գրառումը կատարել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը գրել է, որ հպարտ է Երևանով: