25 նոյեմբերի 2005 - 19:48 AMT
Թուրքիայում անց է կացվել միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության թեմային
Օրերս Անկարայի Գազիի համալսարանում բացվել է «Թուրք-֊հայկական հարաբերությունները եւ 1915 թվականի իրադարձությունները» թեմայով միջազգային գիտաժողովը: Բացելով հավաքը, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն կարծիք է հայտնել, թե «տարբեր երկրների խորհրդարանները վերածվել են արդարադատության մարմինների` նույնիսկ խոսք չտալով նրանց, ում մեղադրում են»: Նա ավելացրել է, որ «հայկական սփյուռքը քաղաքական խնդրի է վերածել հայկական հարցը»: Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Սադիկ Յակուտը նշել է, որ «Թուրքիայի խորհրդարանի առաքելությունը պետք է լիներ` բացատրել ողջ աշխարհին, որ պրոբլեմը ոչ թե հայկական հարցն է, այլ հենց հայերն են, որ պրոբլեմ են ստեղծել»: Հաղորդելով այս մասին` «Անադոլու» գործակալությունը չի հայտնում, թե արդյո՞ք Անկարայի գիտաժողովում որեւէ մեկը ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Նշենք, որ սեպտեմբերի վերջին Ստամբուլում կայացավ նմանատիպ մի գիտաժողով, որի մասնակիցները բացեիբաց խոսում էին Հայոց ցեղասպանության մասին: