22 ապրիլի 2013 - 13:56 AMT
Լեհաստանը պատրաստ է վարկ տրամադրել Հայաստանին և մասնակցել ռազմավարական նախագծերին

Լեհաստանի համար Հայաստանը «կարևոր տնտեսական գործընկեր է Հարավային Կովկասում» և Լեհաստանը մտադիր է զարգացնել առևտրատնտեսական հարաբերություններն, ինչպես նաև ներդրումային համագորածակցությունը: Այդ մասին Երևանում հայտարարել է Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը: «Լեհաստանը պատրաստ է վարկ տրամադրել Հայաստանի կառավարությանը, այդ հարցը կքննարկվի լեհական պատվիրակության այցի շրջանակներում»,-ասել է նա: Իսկ դրական որոշման դեպքում հնարավոր են լեհական ներդրումները Հայաստանի ռազմավարական նշանակության նախագծերում:

Ապրիլի 22-ին Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում Երևանում աշխատանքն է սկսել հայ-լեհական գործարար համաժողովը, որի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունն ու Հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատը: Լեհական պատվիրակության կազմում են 9 ներկայացուցիչներ շինարարության ոլորտից:

Ըստ նրա, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2012թ. գրանցել է զգալի աճ 2011թ. ցուցանիշների համեմատ և կազմել է մոտ 33 մլն դոլար: Տոմչիկևիչը նաև հայտնել է, որ հայ-լեհական համագործակցության շրջանակներում ակնկալվում է ևս մեկ առևտրային համաձայնագրի կնքում:

Բացի այդ, Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին և դրական է գնահատում Ասոցիատիվ համաձայնության ստորագրման ավարտն ու առաջընթացը ԵՄ հետ Ազատ առևտրի մասին պայմանագրի կնքման հարցում: Փոխնախարարը հույս հայտնեց, որ արդյունքները թույլ կտան նոյեմբերին Վիլնյուսում հայտարարել այդ երկու փաստաթղթերի ստորագրման մասին, ինչը նույնպես կնպաստի Հայաստանի ու Լեհաստանի տնտեսական կապերի զարգացմանը:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի փոխտնօրեն Արա Պետրոսյանը նշեց, որ «կան իրական հնարավորություններ առաջընթաց քայլերի համար ներդումային համագործակցության ոլորտում Հայաստանի ու Լեհաստանի միջև»: «Չնայած աճող ապրանքաշրջանառությանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում իրական ներուժին»,-ասել է նա: Միաժամանակ Արա Պետրոսյանը հրավիրել է լեհ գործարարներին աշխատել Հայաստանում ստեղծված Ազատ տնտեսական գոտիներում: