22 ապրիլի 2013 - 14:58 AMT
Գ.Եղիազարյան. Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չմասնակցեց գումար չունենալու պատճառով

Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի ընտրություններին չմասնակցեց գումար չունենալու պատճառով։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Դիտարկմանը, թե ընտրություններին չմասնակցելը Լևոն Տեր-Պետրոսյանը պատճառաբանել էր տարիքով, Գուրգեն Եղիազարյանը արձագանքեց. «Տարիքը մեր և մի քանի հոգու համար էր ասված, ովքեր կհավատային, բայց այնտեղ նշվում էր նաև` «մի շարք այլ տեխնիկական պատճառներով»։

Նա տեղեկացրեց նաև, որ 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս գումար չկար: «Նույնիսկ մի գյուղից մյուսը գնալու համար վառելիք չունեին, իսկ շտաբեր բացել-աշխատեցնելը մեծ խնդիրների առաջ էր կանգնեցնում»,- ասաց նա:

Գուրգեն Եղիազարյանը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե ՀԱԿ-ին ԲՀԿ-ն է ֆինանսավորում: «Եթե նման բան լիներ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվեր նախագահի ընտրություններում»,- եզրափակեց նա: