27 նոյեմբերի 2005 - 13:19 AMT
Ա.Մարգարյան. Հավանաբար, սահմանադրական փոփոխությունները կընդունվեն
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ նրա ընտանիքի անդամները մասնակցել են Հայաստանում ընթացող Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեին: Հայաստանի վարչապետը «կողմ» է քվեարկել երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելուն` իր որոշումը բացատրելով նրանով, որ ուղղումների նախագծի հեղինակը իշխանության կոալիցիան է, որի անդամ է նաեւ իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):

«Հավանաբար, սահմանադրության փոփոխությունները կընդունվեն»,-հայտարարել է Մարգարյանը` նշելով, որ հատուկ համակարգող կենտրոնը ընդգրկուն եւ հաջող քարոզչություն անցկացրեց: Վարչապետը չմեկնաբանեց ընդդիմության բոյկոտը, հայտարարելով, որ «ընդդիմադիր ուժերը առաջնորդվում են իրենց ընտրությամբ եւ որոշումներով»: Նա նաեւ տեղեկացրել է, որ ընտրատեղամասից գնալու է կառավարություն, իսկ այնուհետեւ հատուկ կենտրոն այցելելուց հետո ՀՀԿ գրասենյակում կհետեւի գործընթացին: Արտերկրյա դիտորդական առաքելությունների սակավաթիվ լինելու, մասնավորապես, ԵԱՀԿ ներկայացուցիչների բացակայության վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ այդ կազմակերպությունները պետք է իրենք հայտարարեին հանրաքվեի դիտարկման առաքելություն ստեղծելու մտադրության մասին: Հայաստանի վարչապետը միեւնույն ժամանակ կոչ է արել դիտորդներին առավելագույնս հստակ եւ պրոֆեսիոնալ կերպով կատարել իրենց աշխատանքը:

Նշենք, որ 1/17 ընտրական տեղամասում, որտեղ քվեարկել է վարչապետը, ընդհանուր առմամբ գրանցված է 1802 ընտրող: Տեղական ժամանակով 11:00-ի (10:00 Մ.ժ) տվյալներով այստեղ քվեարկել էր ընդամենը 180 քաղաքացի: Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ ժողովուրդը կակտիվանա կեսօրից հետո, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: