22 ապրիլի 2013 - 15:20 AMT
Քաղաքագետ. ՀԱԿ-ի մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ «Ժառանգությունը»

Երևանի ավագանու ընտրություններում ոչ ԲՀԿ-ն, ոչ «Ժառանգությունը» չեն կարող լուրջ մրցակից համարվել ՀՀԿ-ի համար, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ ընդդիմությունը չհամախմբվեց ոչ խորհրդարանական, ոչ նախագահի, ոչ էլ ավագանու ընտրություններում:

«Բարև Երևան» դաշինքը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն շանսեր ունեն որոշակի ձայներ հավաքելու, բայց դա հաղթանակի հնարավորություն չէ»,- ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ ավագանու ընտրություններում մրցակցություն լինելու է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահի ընտրություններում ձայն է տվել ընտրողների շուրջ 37 տոկոսը, և դա քիչ չէ: «Խնդիրն այն է, որ նա պետք է կարողանա պահել այդ ձայները: Իսկ ՀՀԿ-ն, անշուշտ, օգտագործելու է իր բոլոր ռեսուրսները` հաղթանակի հասնելու համար»,- նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի`ոչ իշխանական ուժերին չի հաջողվի միավորվել նաև ավագանու ընտրություններից հետո, քանի որ ՀԱԿ-ի մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ «Ժառանգությունը»: «Ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է, ընդդիմությանը պետք է ոչ թե միավորել, այլ ստեղծել»,- ասաց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ Հայաստանում հետընտրական իրավիճակն արդեն ավարտվել է, իսկ Երևանի ավագանու ընտրությունները վերջինն են իրար հաջորդող ընտրությունների շարքից:

Քաղաքագետի բնորոշոմամբ` բացի ավագանու ընտրություններից, այս օրերին կարևոր իրադարձություն կարելի է համարել նոր կառավարության ձևավորման գործընթացը, որն արդեն մեկնարկել է: «Իմ կարծիքով` Սերժ Սարգսյանը պատճառ չունի արմատական փոփոխություններ անել կառավարությունում, դա կլիներ, եթե նա հաշվի նստեր այլ քաղաքական ուժերի հետ»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: