27 նոյեմբերի 2005 - 14:11 AMT
Ա.Բաղդասարյանը նշել է հանրաքվեի մասնակցության գոհացուցիչ մակարդակը
Կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները կարեւոր նշանակություն ունեն եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մասնակցել հանրաքվեին եւ կատարել իր ընտրությունը»,-հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում, քվեարկությանը մասնակցելուց հետո: Նրա խոսքերով, արդեն 12:00-ի տվյալներով մասնակիցների թիվը գոհացուցիչ էր: «Դա խոսում է այն մասին, որ լավ քարոզչություն է անցկացվել, եւ ժողովուրդը հասցրել է ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների փաթեթի բովանդակությանը: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ սահմանադրական փոփոխությունները առնչվում են մեր երկրի ապագային»,-նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Նա նաեւ կարեւորել է այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը բուռն քննարկման ընթացք է ապրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Կարծում եմ, 15 տարվա ընթացքում մեր ժողովուրդը այնքան բան չէր իմացել հանրաքվեի մասին, որքան իմացավ վերջերս: Ակտիվ քրոզչություն գնաց, ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ» եւ ինձ թվում է, ժողովուրդը կարողացավ կողմնորոշվել, թե ինչ որոշում կայացնի»,-ամփոփել է Արթուր Բաղդասարյանը: