22 ապրիլի 2013 - 16:24 AMT
«Լեռնային պար» քանդակի հեղինակը պատրաստ է վերականգնել այն, եթե վնասը փոխհատուցվի

«Լեռնային պար» քանդակախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանը պատրաստ է վերականգնել քանդակը, եթե Երևանի քաղաքապետարանն ու «Դվին» հյուրանոցի սեփականատերը փոխհատուցեն վնասը:

Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սեփականատերը ասել է, որ 1 մլն դրամ կտա, բայց ըստ քանդակագործի, դա անգամ հումքի համար չի բավականացնի:

Քանդակագործն ասում է, որ պետք է վերականգել այն արձանը, որի մոտ ժամանակին հավաքվում ու երդվում էին Արցախ մեկնող կամավորները:

Հիշեցնենք, որ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար»-ը արձանախումբը, որը տեղադրված էր «Դվին» հյուրանոցի տարածքում, թալանվել է:

Նշենք նաև, որ դեպքից հետո քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է, որ պատասխանատվությունը կրում է սեփականատերը և քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը: