22 ապրիլի 2013 - 17:11 AMT
ԼՂՀ նախագահ. Հրամայական է դառնում համազգային կարևորագույն խնդիրների շուրջ միասնական քաղաքականութունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ուղերձ է հղել Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է.

«Ի սրտե ողջունում եմ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովի բոլոր մասնակիցներին ու հյուրերին: Նման միջոցառման անցկացումը համարում եմ կարևոր ու պահանջված, և այդ իսկ պատճառով, ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը` նախաձեռնության իրականացման համար: Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր ու անկախ ազգային պետականության առկայությունն է: Իսկ մեր անկախ պետականության հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը և նրա շարունակական ամրապնդումը: Այս համատեքստում հրամայական է դառնում համազգային կարևորագույն խնդիրների շուրջ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը: Նման գերխնդիրներից է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչումը, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումը և սփյուռքում հայ ինքնության պահպանումը: Ողջունելի է, որ այդ և դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցեր ընդգրկված են համաժողովի օրակարգում: Կրկնակի ողջունելի է, որ միջոցառումը երիտասարդական է: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատանքն ավելի երկարաժամկետ տեսլականով կազմակերպելու համար: Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդման գործին: Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք»,- հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: