22 ապրիլի 2013 - 19:54 AMT
Նախախորհրդարանը մայիսի 9-ից հրավիրում է հանրահավաքներ

Նախախորհրդարանը, գիտակցելով երկիրը գահավեժ ընթացքից հանելու հրամայականը և հաշվի առնելով նոր որակի պետության ձևավորման ու զարգացման իր ծրագրի առկայությունը, ստանձնում է ազգային-ազատագրական պայքարը մեկնարկելու նախաձեռնությունը: Այս մասին ասված է Նախախորհրդրանի տարածած հաղորդագրության մեջ:

«Նախախորհրդարանը պատրաստ է համագործակցելու բոլոր առողջ ուժերի հետ՝ մակաբույծ համակարգից դուրս ժողովրդական շարժում ծավալելու և այդ համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային կառավարման մարմիններ ձևավորելու ու լեգիտիմացնելու միջոցով անցնցում իշխանափոխություն իրականացնելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագիրն իրագործելու նպատակով:

Այդ ճանապարհի առաջին քայլերն անելու համար Նախախորհրդարանը մայիսի 9-ին՝ Գյումրիում (վայրն ու ժամը կհայտնվեն լրացուցիչ) և մայիսի 17-ին, ժամը 19-ին՝ Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է կազմակերպական հանրահավաքներ, որտեղ կներկայացնի նոր որակի հայկական պետության կայացման իր ծրագրի հիմնադրույթներն ու ճանապարհը, ինչպես նաև ժողովրդին կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը»,-ասված է նախախորհրդարանի հայտարարության մեջ: