27 նոյեմբերի 2005 - 19:34 AMT
Ա.Գոմցյան. Ռոստովում քվեարկած ՀՀ քաղաքացիների 90 տոկոսից ավելին հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին
Ռուսաստանի հարավում ՌԴ տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնկավող ՀՀ քաղաքացիների համար բացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի համար քվեարկության չորս տեղամաս: Ինչպես հաղորդել է Ռոստովի Դոնում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, երկու տեղամաս գործում են Ռոստովի Դոնում, մեկը Վոլգոգրադում եւ մեկը Սոչիում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: 16:00-ի դրությամբ Ռոստով Դոնի երկու տեղամասերում քվեարկել է Հայաստանի քաղաքացիների 82 տոկոսը (շուրջ 3000 հոգի)` հյուպատոսության տրամադրության տակ եղած 4000-անոց ցուցակից: Հանրաքվեին մասնակցելու համար Ռոստով Դոն էին ժամանում ՀՀ քաղաքացիներ ոչ միայն Ռոստովի մարզի քաղաքներից եւ շրջաններից, այլ նաեւ Ստավրոպոլի երկրամասից եւ Դոնին հարող Կուբանի շրջաններից: Ըստ Ա.Գոմցյանի, Ռոստովում քվեարկած ՀՀ քաղաքացիների 90 տոկոսից ավելին հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, քանի որ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիները այս փոփոխությունների հետ են կապում առանց Հայաստանի քաղաքացիությունը կորցնելու Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը: Նշենք, որ սահմանադրական փոփոխություններից մեկով հանվում է գործող ՀՀ Սահմանադրության մեջ առկա երկքաղաքացիության արգելքը: