23 ապրիլի 2013 - 16:26 AMT
Քաղաքագետ. Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է ոչ թե մարդկության, այլ մարդկայնության դեմ

Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ պետք է սկսել Ցեղասպանության հատուցման գործընթաց, որը երեք փուլ ունի: Անհատական, երբ ընտանիքները զրկվել են իրենց ունեցվածքից, որը կարող են ետ ստանալ առանց Ցեղասպանության ճանաչման: Երկրորդ փուլը համայնքային մակարդակով հատուցումն է: Այստեղ շատ բան արված չէ: Բայց այլ երկրներում նախադեպեր եղել են: Երրորդ փուլը ենթադրում է Հայաստանի տարածքների վերադարձ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արա Պապյանը նկատեց, որ շատերը 1915 թ. որպես վերջ են դիտարկում, բայց այդպես չէ. «Սա հանցագործություն է ոչ թե մարդկության, այլ մարդկայնության դեմ»: Քաղաքագետը կանխատեսում է, որ 100-ամյակին ընդառաջ Թուրքիան երկու իրարամերժ քաղաքականություն կտանի. «Կկոշտացնեն թուրքահայերի և Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը: Մյուս կողմից` կսիրաշահեն մեզ»:

Արա Պապյանը նկատեց, որ մենք թուրքերի հետ խաղում ենք քաղաքական դաշտում, բայց դա սխալ է, քանի որ մենք տարբեր քաշային կարգի խաղացողներ ենք:

«Մենք պետք է նոր փաստաթուղթ առաջարկենք հայ-թուրքական արձանագրությունների փոխարեն»,- ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ հսկայական թվով անհայտ փաստաթղթեր կան ցեղասպանության հետ կապված, որոնք չեն ուսումնասիրվել: