23 ապրիլի 2013 - 16:32 AMT
Հայաստանում ԵՄ խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալով

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ արդյունավետ աշխատանքի համար Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Հանձնելով պարգևը` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձր է գնահատում Էդուարդո դը Լորենցո Օչոայի ավանդը` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության և կրթության բնագավառում Եվրոպական Միության ինտեգրման ծրագրերի տարածման և ընդլայնման գործում: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև Եվրամիության և Եվրախորհրդի հետ ակտիվ համագործակցությունը թե՛ ԵՄ հարևանության քաղաքականության, և թե՛ «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Եվրամիության խորհրդարանական խորհրդատուն այն եզակի օտարերկացիներից է, ում շնորհվում է նման պարգև, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան շնորհակալություն է հայտնել` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար: