23 ապրիլի 2013 - 17:22 AMT
Գերմանիայի աջակցությամբ Հայաստանի 60 համայնքներ համակարգչային տեխնիկա են ստացել

Հանրապետության համայնքներում տեղակատվական համակարգերի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով այսօր 120 համակարգիչ, ինչպես նաեւ սքաներներ, տպիչներ, համակարգչային այլ սարքավորումներ տրամադրվեց 60 համայնքի: Տեխնիկան ձեռք է բերվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ` «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրման ուղղությամբ Տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ իրականացվում են ՀԿՏՀ-ի ներդրման աշխատանքները:

ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի եւ գույքի կառավարումը, ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը եւ մի շարք այլ գործառույթներ:

Միջոցառմանը ներկա փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը կարեւոր համարեց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: «Բացի կառավարման արդյունավետությունից, այս նորամուծությունները ուղղված են նաեւ տեղական մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն»,-նշեց Ա. Գեւորգյանը։

Ներկայումս ՀԿՏՀ է ներդրված 350-ից ավելի համայնքում, մյուս համայնքներում համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: