23 ապրիլի 2013 - 17:26 AMT
Շոն ՄակՆելի. Արդյունավետ կլինի համախմբել կին պատգամավորների ներուժը որոշակի հարցերի շուրջ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վերլուծական կարողությունները: Կարողությունների հզորացման ու աջակցության համար ընտրվել են թե առանձին պատգամավորներ, թե չորս մշտական հանձնաժողովներ: Ծրագրի պատասխանատուները հետաքրքրված են նաև կին պատգամավորների հետ համագործակցությամբ և նախատեսում են հանդիպումների ու քննարկումների շարք նրանց հետ: Շոն ՄակՆելիի համոզմամբ՝ արդյունավետ կլինի համախմբել կին պատգամավորների ներուժը որոշակի հարցերի շուրջ՝ երեխաներին, ընտանիքին, կանանց վերաբերող: Նրա բնորոշմամբ՝ սրանք համընդհանուր խնդիրներ են և չեն ճանաչում կուսակցական պատկանելություն:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, գաղափարին աջակցելու և իր փորձն ի նպաստ բերելու պատրաստակամություն հայտնեց: Մինչ համագործակցության ձևաչափը և հնարավոր ուղղությունները համաձայնեցնելը՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց 1995 թ. ի վեր կանանց համախմբելու ջանքերն ու արդյունքները: Տկն. Նաղդալյանը 1995 թ.-ից է խորհրդարանի անդամ, որտեղ ներկայացված էր կանանց առանձին կուսակցություն: Այդ պատկերն ու փորձը, Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ, օգտակար կլինեն նոր նախաձեռնությունը հաջողելու համար: Թեև կանայք հիմնականում պատգամավոր են ընտրվում համամասնական ընտրակարգով, հետևաբար առաջնորդվում քաղաքական կամ կուսակցական սկզբունքներով՝ խորհրդարանի փոխնախագահը հնարավոր համարեց նրանց համախմբումը համամարդկային արժեքների ու օրակարգի շուրջ: Հատկապես, որ այս խորհրդարանում նման նախադեպ կա, երբ քննարկվում էր կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ ապահովող օրենքի նախագիծը:

Աջակցման ծրագրի հրավիրած փորձագետն ուսումնասիրել է քաղաքական և այլ կառույցներում կանանց ներգրավվածության խնդիրը: ԱԺ փոխնախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել ինչպես այդ արդյունքների հրապարակումը, այնպես էլ քննարկումներ օրենսդրի 14 կին պատգամավորների հետ: Տկն. Նաղդալյանը նշեց, որ քաղաքական ու հասարակական ոլորտներում կանանց մասնակցությունը վաղուց է իր ուշադրության առանցքում: Բացի այդ նա կարևոր ու օգտակար համարեց կանանց ակտիվությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կին տնտեսավարողների մասնակցությունը փոքր և միջին բիզնեսի աջակցության պետական ծրագրում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրող այլ հարցեր:

Աժ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին՝ վստահություն հայտնելով, որ նրանց գործունեությունն ուղղված կլինի Հայաստանի քաղաքական համակարգի հզորացմանը և իր նպաստը կունենա պետականության ամրապնդման գործում: