28 նոյեմբերի 2005 - 09:14 AMT
08:00. Արդյունքները ըստ 1947 ընտրատեղամասերի` 93,3 տոկոսը «կողմ» է սահմանադրական փոփոխություններին
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ՀՀ-ում եւ արտերկրում 1947 ընտրատեղամասերի տվյալների համաձայն, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 503 567 (65,3 տոկոս) մարդ 2 302 278 ընտրողներից: Նրանցից 1 403 430 (93,3 տոկոսը) քվեարկել է սահմանադրական փոփոխությունների օգտին, 80 944-ը(5,4 տոկոս) դեմ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նրա խոսքերով, ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ տեղամասերը փակվելուց հետո, հանրապետության ԿԸՀ-ն բողոքներ չի ստացել: Նա նաեւ նշել է, որ արտերկրում գործող 44 ընտրատեղամասերից 41-ում ՀՀ 18 858 քաղաքացիներ (94,7 տոկոսը) քվեարկել են սահմանադրական փոփոխությունների օգտին, 107-ը` դեմ: Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ: