23 ապրիլի 2013 - 17:46 AMT
Ստյոպա Սաֆարյանը` ՀՅԴ-ին. Գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՅԴ նախընտրական շտաբի այսօրվա հայտարարությանը:

«Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է (բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում), գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է` համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձևակերպումներով:

ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին (որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, և եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը) պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ: Դա միայն ճաշակի և ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, և շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաև պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից` ՀՅԴ-ը կամ նրան հարող որևէ ընկերություն ինչպիսի և ինչքան առնչություն ունեն նստարանների` ֆորմալ հայտարարվող գնի հարցում:

Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին... Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ:

Չեմ իջնելու այդ մակարդակ: Չեմ արդարանալու ու ապացուցելու «որևէ պատվերի բացակայություն», քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք և ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որևէ հայտարարություն որևէ թեմայով, և չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով:

ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը: