Վահան Հովհաննիսյան. Ցեղասպանության հանցագործությունն անցյալում չէ, պետք է մշակվի հատուցման ծրագիր

Վահան Հովհաննիսյան. Ցեղասպանության հանցագործությունն անցյալում չէ, պետք է մշակվի հատուցման ծրագիր

PanARMENIAN.Net - Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք Հայոց Ցեղասպանության ճանաչման և հատուցման ուղղությամբ, անկախ նրանից Սփյուռք է թե Հայաստան, Ջավախք թե Արցախ`մենք ունենք միասնական հայ ժողովուրդ և հայրենիք, որի հսկայական մասը օկուպացիայի տակ է: Այս մասին այսօր ՀՅԴ կազմակերպած ավանդական ջահերով երթից առաջ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ հայությունը չի բավարարվի»,- ասաց նա և ավելացրեց, որ Հայոց Ցեղասպանության հանցագործությունն անցյալում չէ, այլ շարունակվում է նաև այսօր: «Մենք ապրում ենք Ցեղասպանության գրեթե բոլոր հետևանքները` չունենք կոմունիկացիաներ, զրկվել ենք բերրի հողերից, չունենք ելք դեպի ծով, իսկ Արևմտյան Հայաստանում մինչ օրս շարունակվում է ոչնչացվել 4 հազարամյա մեր պատմությունը: Սփյուռքը գտնվում է ուծացման եզրին»,- ընդգծեց Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա` Հայաստանի քաղաքական ուժերը պետք է միահամուռ լինեն և մոռանան ներքին պառակտվածությունը` հանուն համազգային շահի և օգնեն ՀՀ իշխանություններին՝ ուժեղ լինել համազգային հարցերում: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան և իր դաշնակիցները կփորձեն պառակտել հայության միասնականությունը տարբեր խոստումներով և հայտարարություններով: «Մեր հայերի թափված արյունը չի կարող մոռացվել գեղեցիկ խոսքերով, այլ պետք է հատուցվի: Պետք է մշակվի հատուցման ծրագիր»,- ընդգծեց նա:

ՀՅԴ Բյուրոյի անդամը նկատեց, որ Հայ Դատը զուտ կուսակցական հասկացողություն չէ, այլ միասնական մի պահանջատիրություն, որի իմաստն է նաև Արցախյան գոյամարտը. «Արցախը ևս հնարավորություն ստացավ ազատ գոյատևման»:

«Ջահերով երթի ժամանակ յուրաքանչյուր քայլ անելուց հիշեք, որ գնում ենք դեպի նոր ապագան, դեպի մեր իղձերի իրականացում, դեպի ամբողջական և ազատ Հայաստան, մյուս անգամ գնալու են դեպի Արարատ, Սիփան և Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքներ»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---