Գյումրիում կրակոցների դեպքի վերաբերյալ` նոր մանրամասներ. Վարդան Ղուկասյանի եղբորորդին ձերբակալվել է

Գյումրիում կրակոցների դեպքի վերաբերյալ` նոր մանրամասներ. Վարդան Ղուկասյանի եղբորորդին ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Այսօր կեսօրին Գյումրու Շիրակացի փողոցում կրակոցների գործով ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է: Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---